ԱՍՏՈՒԱԾ ՍԷՐ Է
Սաղմոս Դաւթի
1 Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ,
եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա:
2 Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա,
3 ով քաւութիւն է տալիս քո մեղքերին,
բժշկում ախտերը քո բոլոր:
4 Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից,
քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ,
5 որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո,
եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս:
6 Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին:
7 Տէրն իր ուղիները ցոյց տուեց Մովսէսին, եւ իր կամքը՝ Իսրայէլի որդիներին:
8 Գթասիրտ, ողորմած է Տէրը,
համբերատար ու ողորմաշատ:
9 Տէրն իսպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում:
10 Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ,
ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ:
11 Այլ որքան բարձր է երկինքը երկրից,
այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ:
12 Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից,
այնքան հեռացրեց նա մեր անօրէնութիւնները մեզնից:
13 Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին,
այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին:
14 Նա գիտէ կազմուածքը մեր
եւ յիշում է, որ հող ենք մենք:
15 Մարդու օրերը խոտի պէս են.
նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ:
16 Երբ փչի քամին, նա կ՚անհետանայ, եւ նրա տեղն իսկ չի երեւայ:
17 Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է,
եւ նրա արդարութիւնը՝ որդոց որդի նրանց հանդէպ,
18 որոնք պահում են ուխտը նրա,
յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք:
19 Տէրն երկնքում հաստատեց իր աթոռը,
նրա թագաւորութիւնը տիրում է բոլորին:
20 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ,
որ հզօր էք ուժով,
կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների:
21 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր,
սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր:
22 Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը,
ամենուրեք է տէրութիւնը նրա:
Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը: