ԻՍՐԱՅԷԼԻ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2 Թող ելնի Աստուած,

նրա բոլոր թշնամիները թող ցրուեն,

ու նրան ատողները փախչեն իր առջեւից:

3 Ինչպէս ծուխն է ցնդում, այնպէս պիտի անհետանան նրանք.

ինչպէս մոմն է հալւում կրակի դիմաց,

այնպէս էլ մեղաւորները պիտի կորչեն Աստծու երեսից:

4 Արդարները թող ուրախ լինեն,

թող ցնծան նրա առջեւ

եւ զուարճանան իրենց ուրախութեամբ:

5 Օրհնեցէ՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեցէք նրա անուանը,

ճանապա՛րհ տուէք նրան, ով նստում է արեւմուտքում.

եւ Տէր է անունը նրա:

Թող մարդիկ ցնծան նրա առջեւ,

եւ թող խռովուեն նրա երեսից,

6 որ հայրն է որբերի ու դատաւորն այրիների՝

Աստուած իր սուրբ բնակարանում:

7 Աստուած բնակեցնում է միայնակներին տան մէջ եւ իր քաջութեամբ ազատում գերեալներին

ու դառնացած գերեզմանաբնակներին:

8 Աստուա՛ծ, երբ քայլեցիր քո ժողովրդի առջեւից,

երբ անցար անապատով,

9 ցնցուեց երկիրը, եւ երկինքը ցօղ թափեց Սինայում՝ Աստծու շնորհիւ,

Իսրայէլի Աստծու առջեւ:

10 Ցանկալի անձրեւ պատրաստեցիր, Աստուա՛ծ, քո ժառանգութեան համար,

որը թէեւ տկարացաւ,

բայց դու ոտքի կանգնեցրիր նրան:

11 Եւ քո ժողովուրդը պիտի բնակուի նրա մէջ: Աստուա՛ծ, քո քաղցրութեամբ պատրաստութիւն տեսար աղքատի համար:

12 Տէրը պատգամ պիտի տայ նրանց,

ովքեր մեծ զօրութեամբ աւետիս են տալիս:

13 Սիրելիիդ զօրքերի թագաւո՛ր,

քո տան գեղեցկութիւնը մատնուեց աւարի:

14 Թէկուզեւ ննջէք կալուածքների մէջ,

արծաթապատ թեւերով եւ ոսկեգոյն թիկնամէջով աղաւնի կը լինէք:

15 Երբ երկնաւորը թագաւորներին հաւաքի այնտեղ,

նրանք ձեան պէս կը թափուեն Սաղմոնի լերան վրայ:

16 Աստծու լեռը պարարտ լեռ է,

հաստատուն լեռ եւ պարարտ լեռ:

17 Ո՛վ հպարտ լեռներ, ի՞նչ էք նախանձում այն լերանը,

որտեղ բարեհաճեց բնակուել Աստուած,

եւ Տէրն իսկ բնակուելու է այնտեղ յաւիտեան:

18 Աստծու կառքերը բիւրապատիկ են՝ հազարաւոր կառավարներով,

որոնց մէջ է Տէրն իր սուրբ Սինայից:

19 Նա ելաւ բարձունքներն ու գերեվարեց գերիներին.

աւար առաւ, պարգեւներ բաշխեց ու տուեց մարդկանց որդիներին,

որ թերահաւատներն անգամ բնակուեն այնտեղ:

20 Օրհնեալ է Տէր Աստուածը,

օրհնեալ է Տէրն ամէն օր.

Աստուած՝ փրկիչը մեր, պիտի առաջնորդի մեզ:

21 Աստուած մեր կենարար Աստուածն է,

եւ Տիրոջ ձեռքում է ելքը մահուան:

22 Սակայն Աստուած պիտի փշրի մեր թշնամիների գլուխը

եւ կարճամազ պիտի պահի նրանց,

ովքեր ընթանում են իրենց անօրէնութեամբ:

23 Տէրն ասաց. «Անդունդների խորքից ես պիտի վերադարձնեմ

եւ ժանիքների միջից դուրս կորզեմ նրան:

24 Այնպէս որ ոտքդ արեան մէջ թրջուի,

եւ քո շների լեզուները թրջուեն թշնամիներիդ արիւնից»:

25 Երեւաց քո երթն, Աստուա՛ծ,

Աստծու՝ մեր սուրբ թագաւորի երթը:

26 Իշխաններն առաջ անցան օրհնութիւն մատուցելու

կոյսերի եւ գովերգուների մէջ:

27 Խմբովին օրհնեցէ՛ք Աստծուն,

Տիրոջը՝ Իսրայէլի աղբիւրների կողմից:

28 Այնտեղ են Բենիամին զարմանահրաշ մանուկը,

Յուդայի երկրի առաջնորդ իշխանները

եւ Զաբուղոնի ու Նեփթաղիմի իշխանները:

29 Հրամայի՛ր, Աստուա՛ծ, քո զօրութեամբ, զօրացրո՛ւ այն, ինչ հաստատեցիր մեր մէջ:

30 Երուսաղէմի քո տաճարից թագաւորները թող ընծաներ մատուցեն:

31 Սաստի՛ր եղէգնուտի գազանին՝

ցուլերի ու երինջների երամակներով հանդերձ:

Թող արհամարհուեն նրանք, ովքեր ընտրուել են արծաթով:

Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին:

32 Եգիպտոսից պատգամաւորներ պիտի գան,

եւ հնդիկներն աւելի առաջ ձեռք պիտի մեկնեն Աստծուն:

33 Աշխարհի՛ թագաւորութիւններ, օրհնեցէ՛ք Աստծուն,

եւ սաղմո՛ս երգեցէք Տիրոջը:

34 Ճանապա՛րհ բացէք նրա համար,

ով նստում է երկինքների երկնքում, արեւելեան կողմում:

Ահա նա ձայն պիտի տայ, ձայնն իր զօրութեան:

35 Փա՛ռք տուէք Աստծուն.

նրա մեծ վայելչութիւնն Իսրայէլի վրայ է,

իսկ զօրութիւնը հասնում է մինչեւ երկնքի ամպերը:

36 Սքանչելի է Աստուած իր սրբերի մէջ.

նա Աստուածն է Իսրայէլի,

որ իր ժողովրդին հաստատ զօրութիւն պիտի տայ.

օրհնեալ է Աստուած: