ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՎՐԱՅ

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2 Յոյսս դրի Տիրոջ վրայ.

ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ:

3 Չէ՞ որ մեղաւորներն ահա լարել են աղեղներն իրենց,

պատրաստել են նետերը կապարճներում,

որ մութն ընկնելիս ձգեն ուղղամիտների վրայ:

4 Ինչ դու շինեցիր՝ աւերեցին նրանք,

իսկ արդարն ի՞նչ արեց:

5 Տէրն իր սուրբ տաճարում է,

Տէրը երկնքում է՝ իր գահի վրայ:

Նրա աչքերը նայում են տնանկներին,

իսկ արտեւանունքները զննում են մարդկանց որդիներին:

6 Տէրը քննում է արդարին եւ ամբարշտին.

ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր:

7 Մեղաւորների վրայ որոգայթ, հուր եւ ծծումբ կը տեղայ,

փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը:

8 Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում,

ճշմարտութեանն է նայում երեսը նրա: