ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՍՔԱՆՉԵԼԻՔՆԵՐԸ
Սաղմոս Դաւթի, աշխարհագործ արարածների մասին
1 Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ.
Տէ՛ր իմ Աստուած, անչափ մեծ ես,
գովաբանութեամբ ու մեծափառութեամբ զգեստաւորուեցիր:
2 Լոյսը կրեցիր ինչպէս վերարկու,
երկինքը փռեցիր վրանի պէս,
3 քո վերնայարկը հաստատեցիր ջրերի վրայ:
Երթեւեկում է Նա ամպերի մէջ
եւ շրջում հողմերի թեւերին:
4 Նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն,
եւ կիզիչ հուրը՝ սպասաւորների:
5 Երկիրն հաստատեց իր հիմերի վրայ,
որ յաւիտեան չսասանուի:
6 Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն:
Ջրերը կանգնած են լեռների վրայ:
7 Նրանք պիտի փախչեն քո սաստից, եւ քո որոտի ձայնից պիտի սարսափեն:
8 Լեռները պիտի ելնեն ու դաշտերն իջնեն այնտեղ,
ուր դու հաստատեցիր դրանք:
9 Սահման դրիր, որպէսզի չանցնեն
եւ չողողեն երկիրը նորից:
10 Աղբիւրները դէպի ձորերն ուղղեցիր,
եւ ջրերը լեռների միջով պիտի հոսեն՝
11 յագեցնելու ծարաւը բոլոր գազանների ու վայրի էշերի:
12 Այնտեղ երկնքի թռչունները բոյն պիտի դնեն
եւ ժայռերի միջից ձայն պիտի տան:
13 Նա ջուր պիտի խմեցնի լեռներին իր շտեմարաններից,
նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցուի:
14 Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար, եւ հողից հաց հանեցիր:
15 Գինին ուրախացնում է մարդուն,
իւղը՝ զուարթացնում,
եւ հացն ամրացնում է մարդու սիրտը:
16 Թող յագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի,
որ դու տնկեցիր:
17 Այնտեղ երկնքի թռչունները ձագ կը հանեն,
եւ արագիլի բոյնը նրանց ապաստան կը լինի:
18 Բարձր լեռներն եղջերուների համար են,
իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար:
19 Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար,
արեգակն իմացաւ պահն իր մայրամուտի:
20 Դու խաւարն ստեղծեցիր, ու գիշեր եղաւ,
որի մէջ շրջում են բոլոր գազաններն անտառի:
21 Առիւծների կորիւնները մռնչում են ու յօշոտում՝ Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով:
22 Արեւածագին նրանք հաւաքւում են եւ հանգչում իրենց որջերում:
23 Մարդ մինչեւ երեկոյ գնում է իր գործին
ու վաստակին իր ձեռքերի:
24 Որքա՜ն մեծ են գործերը քո, Տէ՛ր,
ամէն ինչ իմաստութեամբ ստեղծեցիր դու,
եւ աշխարհը լցուեց քո ստեղծածներով:
25 Ահա ծովը՝ մեծ եւ լայնատարած,
որի մէջ վխտացող կենդանիներին թիւ չկայ. այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ.
26 այնտեղ նաեւ նաւերն են լողում: Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր,
որ խաղ անի ծովի հետ:
27 Բոլորը քեզ են սպասում,
որ նրանց ուտելիքը ժամանակին տաս:
28 Տալիս ես նրանց, ու նրանք կերակրւում են,
բացում ես ձեռքդ եւ քո հաճութեամբ սնում բոլորին:
29 Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովւում են նրանք,
երբ նրանցից հանում ես նրանց շունչը,
սպառւում եւ հող են դառնում:
30 Ուղարկում ես քո շունչը եւ վերստեղծում նրանց,
ու նորոգում երեսն երկրի:
31 Թող Տիրոջ փառքը յաւիտեան լինի,
եւ Տէրն ուրախանայ իր արարածներով:
32 Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան,
մերձենում լեռներին՝ եւ նրանք ծուխ են արձակում:
33 Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում,
սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ:
34 Օրհնութիւնն իմ քաղցր կը լինի նրան,
եւ ես կ՚ուրախանամ Տիրոջով:
35 Թող մեղաւորները պակասեն աշխարհից,
եւ ամբարիշտներ թող չգտնուեն նրա մէջ:
Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը: Ալէլուիա: