ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ, ՏԻՐՈՋ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ
Ալէլուիա
1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը,
քանզի քաղցր է նա,
քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը:
2 Ո՞վ պիտի պատմի զօրութիւնը Տիրոջ,
լսելի դարձնի նրա ամբողջ օրհնութիւնը:
3 Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում
եւ ամէն ժամ արդարութիւն գործում:
4 Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի,
եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ:
5 Տեսնենք բարութիւնը քո ընտրեալների,
ուրախանանք քո ազգի ուրախութեամբ,
ու պարծենանք քո ժառանգութեամբ:
6 Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք,
անօրէնութիւն եւ յանցանք գործեցինք:
7 Հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործութիւնները,
չյիշեցին քո ողորմութեան առատութիւնը,
քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս:
8 Նա փրկեց նրանց իր անուան համար,
որ ճանաչեն իր զօրութիւնը:
9 Սաստեց Կարմիր ծովին՝ եւ այն ցամաքեց,
նրանց առաջնորդեց անդնդի միջով ինչպէս անապատով:
10 Նրանց ազատեց իրենց ատողներից եւ նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից:
11 Ծովը ծածկեց նրանց հալածողներին, եւ սրանցից ոչ ոք չփրկուեց:
12 Հաւատացին նրա խօսքերին եւ օրհներգեցին նրան:
13 Բայց շուտով մոռացան գործերը նրա,
եւ չանսացին նրա խորհուրդներին:
14 Անապատում ցանկութեամբ վառուեցին,
ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում:
15 Իրենց խնդրածը նա տուեց նրանց,
եւ լիութիւն ուղարկեց նրանց:
16 Բանակատեղիում բարկացրին Մովսէսին եւ Տիրոջ սրբին՝ Ահարոնին:
17 Գետինը բացուեց ու կլանեց Դադանին,
ծածկեց բանակն Աբիրոնի:
18 Հուր բորբոքուեց նրանց հաւաքավայրերում,
եւ բոցը լափեց մեղաւորներին:
19 Քորեբում մի հորթ շինեցին, եւ երկրպագեցին արձանին:
20 Իրենց Փառքը փոխարինեցին խոտակեր հորթի պատկերով:
21 Մոռացան իրենց կեանք տուած Աստծուն,
որը մեծ գործեր կատարեց Եգիպտոսում,
22 սքանչելագործութիւններ՝ Քամի երկրում, եւ ահաւոր բաներ՝ Կարմիր ծովի վրայ:
23 Ասաց, թէ պիտի ոչնչացնի նրանց,
եթէ նրա ընտրեալ Մովսէսն առջեւը կանգնած չլինէր:
Նա դիմեց Տիրոջն ու վերացրեց բարկութիւնը նրա,
որ նրանք չկոտորուեն:
24 Անարգեցին երկիրը ցանկալի,
ու չհաւատացին Տիրոջ խօսքին:
25 Տրտնջացին իրենց բանակատեղիում,
ու չլսեցին ձայնը Տիրոջ:
26 Տէրն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրայ,
որ նրանց հարուածի անապատում,
27 որ նրանց սերունդը ցրուի հեթանոսների մէջ,
նրանց սերունդը ցրուի գաւառներում:
28 Նրանք Բելփեգորին544 յարեցին,
զոհի միս կերան ու մեռելոտի:
29 Բարկացրին Տիրոջն իրենց գործերով,
եւ նրանց վրայ կոտորած իջաւ:
30 Ապա Փենէէսն եկաւ մէջտեղ,
քաւութիւն տուեց, ու մահը վերջ գտաւ:
31 Նա արդարացի համարուեց
սերնդից սերունդ՝ մինչեւ յաւիտենութիւն:
32 Նրան բարկացրին Հակառակութեան ջրերի մօտ,
եւ Մովսէսը տանջուեց նրանց պատճառով,
33 քանզի դառնացրել էին նրա հոգին:
Նա հրամայեց իր շրթունքներով,
34 եւ չկոտորուեցին այն ազգերը,
որոնց մասին ասել էր Տէրը:
35 Խառնուեցին հեթանոսների մէջ,
ու սովորեցին գործերը նրանց:
36 Ծառայեցին նրանց կուռքերին,
որոնք իրենց գայթակղութիւնը դարձան:
37 Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դեւերին,
38 եւ անմեղ արիւն թափեցին՝
արիւնն իրենց որդիների ու դուստրերի,
որ զոհեցին Քանանի կուռքերին:
39 Երկիրը շաղախուեց նրանց արեամբ,
ու պղծուեց նրանց գործերից,
քանզի պոռնկացան իրենց ընթացքով:
40 Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ, եւ խիստ զզուեց իր ժառանգութիւնից:
41 Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը,
եւ իրենց ատողները տիրեցին նրանց:
42 Իրենց թշնամիները նեղեցին նրանց,
եւ նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ:
43 Տէրը շատ անգամ փրկեց նրանց,
բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով, եւ ընկղմուեցին իրենց անօրէնութեան մէջ:
44 Տէրը նայեց նրանց նեղութեանը՝
լսելով ձայնը նրանց աղօթքի:
45 Յիշեց ուխտն իր, եւ իր առատ ողորմածութեամբ զղջաց:
46 Նրանց գթութեան արժանացրեց
իրենց բոլոր գերեվարողների դիմաց:
47 Փրկի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր,
եւ հաւաքի՛ր մեզ հեթանոսների միջից:
Մենք գոհութիւն պիտի մատուցենք քո սուրբ անուանը
եւ պիտի պարծենանք քո օրհնութիւններով:
48 Օրհնեալ է Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից.
ողջ ժողովուրդը թող ասի՝
«Թող լինի, թող լինի»: