ՄԱՐԴՈՒ ՏՐՏՈՒՆՋԸ ՆԵՂՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Ո՜վ իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր,
քանզի մեղաւորի բերանը՝
բերանը նենգաւորի, բացուեց ինձ վրայ:
Խօսեցին իմ մասին նենգամիտ լեզուով
3 եւ ատելութեան խօսքերով պաշարեցին ինձ՝
յանիրաւի մարտնչելով իմ դէմ:
4 Սիրուս փոխարէն մեղադրեցին ինձ, բայց ես աղօթքի կանգնեցի:
5 Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարէն, եւ իմ սիրոյ դիմաց՝ ատելութիւն:
6 Նրա դէմ մի չարագործ հանի՛ր,
եւ սատանան թող կանգնի նրա աջ կողմում:
7 Իր դատաստանից թող նա յանցապարտ դուրս գայ,
եւ նրա աղօթքը մեղք թող համարուի:
8 Թող նուազեն օրերը նրա,
եւ նրա պաշտօնը թող ուրիշն առնի:
9 Նրա որդիները թող որբ դառնան,
իսկ նրա կինն՝ այրի:
10 Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն,
եւ թող նրանք հեռանան իրենց բնակավայրից:
11 Պարտատէրը թող խուզարկի ողջ ունեցուածքը նրա,
օտարները թող յափշտակեն վաստակը նրա:
12 Թող ոչ ոք աջակից չլինի նրան,
եւ նրա որբերին ոչ ոք չգթայ:
13 Թող նրա որդիները կոտորուեն,
եւ նրա անունը թող ջնջուի սերնդի միջից:
14 Թող Տիրոջ առջեւ յիշուեն նրա հօր մեղքերը,
եւ նրա մօր մեղքերը չսրբուեն:
15 Թող նրանք ամէն ժամ Տիրոջ առջեւ լինեն,
եւ նրանց յիշատակը թող վերանայ երկրից,
16 քանզի նա ողորմութիւն անելը չյիշեց,
հալածեց աղքատ ու տնանկ մարդուն,
որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով:
17 Նա, որ անէծք սիրեց, թող այն իրեն դիպչի,
նա, որ չուզեց օրհնութիւն,
թող այն հեռու լինի նրանից:
18 Անէծքը, որ նա հագաւ ինչպէս հանդերձ,
թող ջրի պէս լցուի նրա փորը, եւ ձէթի պէս՝ նրա ոսկորների մէջ:
19 Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն, եւ մէջքին կապելու մշտական գօտի:
20 Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջեւ,
եւ ովքեր չարախօսում էին իմ մասին:
21 Բայց դու, Տէ՛ր, Տէ՛ր, ինձ հետ վարուի՛ր ինչպէս վայել է անուանդ,
քանզի քաղցր է ողորմութիւնը քո:
22 Եւ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես,
եւ սիրտս խռովուած է իմ ներսում:
23 Ստուերի պէս երկարելով սպառուեցի, եւ թափ տրուեցի ինչպէս մարախ:
24 Ծնկներս թուլացան ծոմապահութիւնից,
եւ գունաթափուեց մարմինս իւղի պակասից:
25 Ես նրանց նախատինքը դարձայ,
տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց:
26 Օգնի՛ր ինձ, Տէ՛ր Աստուած իմ,
եւ փրկի՛ր ինձ քո ողորմութեամբ:
27 Թող իմանան, որ քո ձեռքն այս է,
եւ որ, Տէ՛ր, դո՛ւ արեցիր այս:
28 Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր.
ինձ վրայ յարձակուողները թող ամօթահար լինեն,
բայց քո ծառան թող ուրախանայ քեզնով:
29 Իմ մասին չարախօսողները թող ամօթ հագնեն եւ իրենց ամօթը թիկնոցի պէս կրեն իրենց վրայ:
30 Իսկ ես մեծ գոհութիւն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով,
բազմութիւնների մէջ պիտի օրհնեմ քեզ,
31 քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը,
որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ: