ԳՈՎՔ ՏԻՐՈՋ ՍՔԱՆՉԵԼԻ ԳՈՐԾԵՐԻ
Ալէլուիա
1 Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհութիւն մատուցեմ, Տէ՛ր,
արդարների ժողովում, հաւաքոյթի մէջ:
2 Մեծ են գործերը Տիրոջ,
եւ քննուած է նրա կամքը ամէն ինչում:
3 Փառաւոր եւ վայելուչ են նրա գործերը,
նրա արդարութիւնը կը տեւի յաւիտեանս յաւիտենից:
4 Արդարներին նա յիշեցրեց իր հրաշագործութիւնները.
ողորմած եւ գթասիրտ է Տէրը:
5 Կերակուր է տալիս իրենից երկիւղ կրողերին,
յաւիտեան յիշում իր ուխտը:
6 Իր գործերի զօրութիւնը յայտնեց նա իր ժողովրդին՝
նրանց տալով ժառանգութիւնը հեթանոսների:
7 Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի,
նրա բոլոր պատուիրանները՝ վստահելի:
8 Հաստատուած են դրանք յաւիտեանս յաւիտենից,
ստեղծուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ:
9 Տէրը փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին,
յաւիտեանս պատգամեց իր ուխտը.
սուրբ եւ ահեղ է նրա անունը:
10 Զգօնութեան սկիզբն երկիւղն է Տիրոջ հանդէպ,
բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն.
նրա օրհնութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից: