ԱՐԴԱՐ ՄԱՐԴՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Ալէլուիա

1 Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից, եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների:

2 Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ,

եւ ուղղամիտների ազգը կ՚օրհնուի:

3 Փառք եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ,

նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից:

4 Արդարների համար լոյս ծագեց խաւարում.

ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը:

5 Բարի մարդը ողորմած է եւ փոխ է տալիս,

խօսքն իր կատարում արդարութեամբ,

6 որպէսզի յաւէտ նա չսասանուի,

յաւիտեան մնայ յիշատակն արդարի:

7 Չար լուրից նա չի վախենայ,

նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծու վրայ:

8 Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ,

մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի:

9 Բաժանեց նա ու տուեց աղքատներին.

նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից,

եւ նրա եղջիւրը բարձր կը լինի փառքով:

10 Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ,

կը կրճտեցնի ատամներն իր ու հալումաշ կը լինի,

եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի: