ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՕԹՔ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Ալէլուիա
1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը,
քանզի բարի է նա,
քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա:
2 Տունն Իսրայէլի թող ասի, որ բարի է նա,
որ յաւերժ է ողորմութիւնը նրա:
3 Տունն Ահարոնի թող ասի, որ բարի է նա,
որ յաւերժ է ողորմութիւնը նրա:
4 Տիրոջից երկիւղ կրողները թող ասեն, որ բարի է նա,
որ յաւերժ է ողորմութիւնը նրա:
5 Նեղութեան ժամանակ ես Տիրոջը կանչեցի,
նա լսեց ինձ եւ հանդարտութեան առաջնորդեց:
6 Տէրն օգնականն է իմ,
եւ ես չեմ երկնչի.
մարդն ինձ ի՞նչ կարող է անել:
7 Տէրն օգնականն է իմ,
եւ ես կը տեսնեմ վախճանն իմ թշնամիների:
8 Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ,
քան յոյսը դնել մարդկանց վրայ:
9 Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ,
քան յոյսը դնել իշխանների վրայ:
10 Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ,
բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց:
11 Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ,
բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց:
12 Մեղուների պէս շուրջս լցուեցին,
վառուեցին բորբոքուեցին ինչպէս հրաճարակ փուշ,
բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց:
13 Երբ ինձ հրեցին, ես սասանուեցի եւ մօտ էի գլորուելու,
բայց Տէրը բռնեց ինձ:
14 Իմ զօրութիւնն ու օգնութիւնն է Տէրը,
նա իմ փրկութիւնը եղաւ:
15 Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների սրահներում:
16 Տիրոջ աջը զօրութիւն գործեց,
Տիրոջ աջը բարձրացրեց ինձ, եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց:
17 Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ եւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ:
18 Տէրն ինձ խրատելով պատժեց,
բայց չմատնեց մահուան:
19 Բացէ՛ք արդարութեան դռներն իմ առաջ,
որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհութիւն մատուցեմ:
20 Տիրոջ դուռն է սա,
եւ արդարները այս դռնո՛վ պիտի մտնեն:
21 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր,
քանզի լսեցիր ինձ, եւ ինձ համար փրկութիւն եղար:
22 Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին, ա՛յն դարձաւ անկիւնաքար:
23 Տիրոջից եղաւ այս բանը,
եւ սքանչելի է մեր աչքերին:
24 Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր:
25 Ո՛վ Տէր, փրկի՛ր, ո՛վ Տէր, առաջնորդի՛ր:
26 Օրհնեալ ես դու, որ պիտի գաս Տիրոջ անունով,
մենք օրհնեցինք քեզ Տիրոջ տնից:
27 Մե՛ր Տէր Աստուածը երեւաց մեզ,
կատարեցէ՛ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝
մուտքից մինչեւ անկիւնները սեղանի:
28 Դու իմ Աստուածն ես, պիտի գոհութիւն մատուցեմ քեզ,
դու իմ Աստուածն ես, պիտի մեծարեմ քեզ:
Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր,
քանզի լսեցիր ինձ, եւ ինձ համար փրկութիւն եղար:
29 Գոհութիւն մատուցենք Տիրոջը,
քանզի բարի է նա,
քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը նրա: