ԳՈՎՔ ԱՍՏԾՈՒ ՕՐԷՆՔԻ
Ալէլուիա
Ալէֆ
1 Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, եւ ընթանում են Տիրոջ օրէնքով:
2 Երանի նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին,
իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան:
3 Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով:
4 Դու հրամայեցիր,
որ քո պատուիրանները խստօրէն պահեմ:
5 Իմ ճանապարհները յաջող կը լինեն,
եթէ քո պատուիրանները պահեմ:
6 Այն ժամանակ ես չէի ամաչում՝ երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ:
7 Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով,
սովորելով քո արդար դատաստանները:
8 Պահեցի ես քո օրէնքները,
իսպառ մի՛ լքիր ինձ:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Բէթ
9 Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթէ ոչ քո խօսքերը պահելով:
10 Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի,
մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից:
11 Քո խօսքերը սրտումս թաքցրի,
որ չմեղանչեմ քո դէմ:
12 Օրհնեալ ես դու, Տէ՛ր,
սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները,
13 որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները:
14 Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը, աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ:
15 Քո պատուիրանների մասին խորհեցի,
հետեւեցի քո ճանապարհներին:
16 Քո օրէնքները կատարեցի
եւ չմոռացայ խօսքերը քո:
ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔՈՒՄ
Գամէլ
17 Հատուցի՛ր քո ծառային,
որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո:
18 Բա՛ց իմ աչքերը,
որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները:
19 Պանդուխտ եմ ես երկրի երեսին,
պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից:
20 Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները:
21 Դու սաստեցիր ամբարտաւաններին.
անիծեալ են նրանք,
ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից:
22 Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը,
քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին:
23 Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին,
բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին:
24 Քո վկայութիւններն իմ խօսքերն էին,
եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Դալէթ
25 Հոգիս մերձեցաւ հողին.
Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ:
26 Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ,
ու դու ինձ լսեցիր. դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ:
27 Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը,
որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին:
28 Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից,
ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ:
29 Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից, եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ:
30 Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի, եւ քո օրէնքները ես չմոռացայ:
31 Մերձեցայ քո պատուիրաններին.
Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ:
32 Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ,
քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին:
ԱՂՕԹՔ՝ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՏԻՐՈՋ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ
Հէ
33 Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու,
որ ամէն ժամ հետեւեմ դրան:
34 Իմաստո՛ւն դարձրու ինձ,
որ քննեմ քո օրէնքը
եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն:
35 Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով,
քանզի հաճելի են դրանք ինձ:
36 Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները,
եւ ոչ թէ դէպի ագահութիւն:
37 Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ,
ինձ պահպանի՛ր քո ճանապարհին:
38 Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը,
որ քո երկիւղի մէջ մնամ:
39 Ազատի՛ր ինձ նախատինքներից,
որոնցից կասկածում էի,
քանզի քաղցր են դատաստանները քո:
40 Ահա ցանկացայ քո պատուիրանները,
քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ:
ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Վաւ
41 Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր,
եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման:
42 Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին,
քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ:
43 Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից,
քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ:
44 Քո օրէնքը պահեցի ամէն ժամ,
յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից:
45 Ես ընթացայ անդորրութեան մէջ,
քանզի քո պատուիրանները փնտռեցի:
46 Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի:
47 Խորհեցի քո պատուիրանների մասին, որոնք սիրեցի:
48 Ձեռքս պարզեցի դէպի պատուիրանները քո, որոնք սիրեցի,
եւ խորհեցի քո արդարութեան մասին:
ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔՈՒՄ
Զէ
49 Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը,
որի վրայ էլ դրիր իմ յոյսը:
50 Դա է թշուառութեանս մէջ ինձ մխիթարողը,
քանզի քո խօսքն ինձ պահպանեց:
51 Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ,
բայց ես քո օրէնքից չխոտորուեցի:
52 Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի:
53 Տրտմութիւն իջաւ ինձ վրայ
մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից:
54 Պատուիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար
իմ պանդխտավայրում:
55 Գիշերն յիշեցի քո անունը, Տէ՛ր,
եւ քո օրէնքը պահեցի:
56 Դա՛ եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտռեցի:
ՆՈՒԻՐՈՒՄ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Խէթ
57 Բաժինս դո՛ւ ես, Տէ՛ր,
ասացի որ օրէնքիդ պիտի հետեւեմ:
58 Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց,
ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման:
59 Իմ ճանապարհի մասին խորհեցի, եւ քայլերս դէպի քո պատուիրանները շրջեցի:
60 Պատրաստուեցի եւ չվախեցայ պահել քո պատուիրանները:
61 Մեղքի ցանցերը պատեցին ինձ,
բայց քո օրէնքը ես չմոռացայ:
62 Կէսգիշերին ելնում էի գոհութիւն մատուցելու քեզ
քո արդար դատաստանների համար:
63 Հաղորդակցւում էի քեզնից երկիւղ կրող բոլոր մարդկանց հետ,
ովքեր պահում են պատուիրանները քո:
64 Երկիրը լցուել է Տիրոջ ողորմութեամբ,
սովորեցրո՛ւ ինձ արդարադատութիւնը քո:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ԱՐԺԷՔԸ
Թէթ
65 Քաղցրութեամբ վարուեցիր ծառայիդ հետ, Տէ՛ր,
քո խօսքի համաձայն:
66 Քաղցրութիւն, խրատ եւ գիտութիւն սովորեցրո՛ւ ինձ,
քանզի հաւատացի քո պատուիրաններին:
67 Քանի դեռ չէի խեղճացել՝ մեղանչում էի,
դրա համար խստօրէն հետեւեցի քո խօսքերին:
68 Քաղցր ես դու, Տէ՛ր,
եւ քո քաղցրութեամբ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ:
69 Ամբարտաւանների անիրաւութիւններն իմ դէմ շատացան,
բայց ես ամբողջ սրտովս քո պատուիրանները քննեցի:
70 Կաթի պէս թանձրացաւ սիրտը նրանց,
բայց ես քո օրէնքներով խօսեցի:
71 Լաւ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ,
որպէսզի քո արդարադատութիւնը սովորեմ:
72 Քո բերանից ելած օրէնքն ինձ համար աւելին է,
քան հազարներով արծաթ ու ոսկի:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ
Եօդ
73 Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ,
ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատուիրանները քո:
74 Քեզնից երկիւղ կրողները պիտի տեսնեն ինձ եւ ուրախանան,
քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ:
75 Հասկացայ, Տէ՛ր, որ քո դատաստանն արդար է,
եւ իրաւացիօրէն խոնարհ դարձրիր ինձ:
76 Ողորմութիւնդ թող ինձ մխիթարութիւն լինի՝
ծառայիդ տրուած խօսքիդ համաձայն:
77 Գթութիւններդ թող ինձ վրայ գան,
որպէսզի փրկուեմ,
քանզի քո օրէնքներն են իմ խօսքերը:
78 Ամբարտաւանները պիտի ամաչեն,
որ իզուր անիրաւութիւն գործեցին իմ դէմ,
իսկ ես քո պատուիրանների մասին պիտի խորհեմ:
79 Թող ինձ խրատեն քեզնից երկիւղ կրողները
եւ քո վկայութիւնները ճանաչողները:
80 Թող սիրտս անբիծ լինի քո արդարութեան մէջ, որպէսզի չամաչեմ:
ԱՂՕԹՔ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Քափ
81 Հոգիս կարօտեց քո փրկութեանը,
քանզի յոյսս դրի քո խօսքի վրայ:
82 Աչքերս սպասեցին քո խօսքին, ասացի՝ «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»:
83 Եղայ ես ինչպէս տիկը սառնամանիքում,
քանի որ քո արդարադատութիւնը չմոռացայ:
84 Որքա՞ն են քո ծառայի օրերը,
ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների:
85 Անօրէններն ինձ խորհուրդներ տուին,
բայց ոչ քո օրէնքի համեմատ:
86 Քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են,
իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ:
87 Մի փոքր եւս՝ եւ նրանք կորստեան կը մատնէին ինձ երկրի երեսին,
բայց ես չլքեցի քո պատուիրանները:
88 Քո ողորմութեամբ կեանք տուր ինձ,
եւ ես կը պահպանեմ քո բերանի վկայութիւնները:
ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Լամէք
89 Քո խօսքը, Տէ՛ր,
յաւիտեան երկնքում է:
90 Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը,
դու հաստատեցիր երկիրը, որ կայ:
91 Քո հրամանին է սպասում ցերեկը,
քանզի բոլորը քո ծառաներն են:
92 Եթէ քո օրէնքն իմ խօսքը չլինէր,
վաղուց ես կործանուած կը լինէի իմ թշուառութեան մէջ:
93 Յաւիտեան չպիտի մոռանամ քո արդարութիւնները,
քանզի դրանցո՛վ ինձ պահպանեցիր:
94 Քոնն եմ ես՝ փրկի՛ր ինձ,
քանզի արդարադատութիւնդ փնտռեցի:
95 Մեղաւորները հետամտեցին, որ կործանեն ինձ,
քանզի մտքումս քո վկայութիւնները դրի:
96 Ամէն կատարելութեան վախճանը տեսայ,
քո պատուիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար:
ՍԷՐ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ՀԱՆԴԷՊ
Մէմ
97 Որքա՜ն սիրեցի օրէնքները քո,
նրանք գիշեր-ցերեկ իմ խոհերն էին:
98 Թշնամիներիցս աւելի խելացի դարձրիր ինձ քո պատուիրաններով,
քանզի նրանք իմն էին միշտ:
99 Բոլոր ուսուցիչներիցս աւելի իմաստուն եղայ,
քանզի քո վկայութիւններն իմ խոհերն էին:
100 Ծերունիներից աւելի իմաստուն դարձայ,
քանզի քո պատուիրանները քննեցի:
101 Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից,
որպէսզի պահեմ քո խօսքերը:
102 Քո իրաւունքից չխոտորուեցի,
քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր:
103 Որքա՜ն քաղցր են քո խօսքերն իմ քիմքին՝
աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին:
104 Քո պատուիրաններով իմաստնանալով՝
ատեցի չարիքի բոլոր ճանապարհները,
քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր:
ԼՈՅՍ՝ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՑ
Նուն
105 Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար,
եւ լուսաւորում է իմ շաւիղները:
106 Երդուեցի ու որոշեցի,
որ պիտի պահեմ քո բոլոր արդար դատաստանները:
107 Սաստիկ թշուառ եղայ.
Տէ՛ր, կեա՛նք տուր ինձ ըստ քո խոստման:
108 Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տէ՛ր,
եւ քո իրաւունքն ինձ սովորեցրո՛ւ:
109 Հոգիս ամէն ժամ քո ձեռքում է,
եւ ես քո օրէնքը չմոռացայ:
110 Մեղաւորները որոգայթ լարեցին իմ դէմ,
ես քո պատուիրաններից չխոտորուեցի:
111 Յաւիտեան ժառանգեցի քո վկայութիւնները,
քանզի նրանք իմ սրտի ցնծութիւնն են:
112 Սիրտս առյաւէտ խոնարհեցրի,
որ հատուցման համար քո օրէնքները կատարեմ:
ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔՈՒՄ
Սամքաթ
113 Ատեցի անօրէններին, եւ քո օրէնքը սիրեցի:
114 Օգնականն ու փրկիչն իմ դու ես,
եւ ես յոյսս դրի քո խօսքի վրայ:
115 Հեռացէ՛ք ինձնից, չարագործնե՛ր,
որ ես իմ Աստծու պատուիրանները քննեմ:
116 Օգնի՛ր ինձ ըստ քո խօսքի ու պահպանի՛ր ինձ,
եւ իմ յոյսի մէջ ինձ մի՛ ամաչեցրու:
117 Օգնի՛ր ու փրկի՛իր ինձ,
որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ:
118 Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարադատութեան դէմ,
քանզի անիրաւ էին նրանց խորհուրդները:
119 Յանցաւոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին,
դրա համար սիրեցի պատուիրանները քո:
120 Մարմինն իմ գամի՛ր քո երկիւղին,
քանզի սաստիկ վախեցայ քո դատաստաններից:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Էյ
121 Դատաստան եւ արդարութիւն գործեցի,
ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը:
122 Ծառայիդ բարութեա՛մբ ընդունիր,
որ ամբարտաւանները չչարչարեն ինձ:
123 Աչքերն իմ սպասեցին քո շնորհելիք փրկութեանը, Տէ՛ր, եւ քո արդարութեան խօսքին:
124 Ծառայիդ հետ վարուի՛ր քո ողորմութեան համեմատ,
քո արդարադատութիւնն ինձ սովորեցրո՛ւ:
125 Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու,
որ ճանաչեմ քո վկայութիւնները:
126 Ժամն է, որ Տէրը վեր կենայ,
քանզի խափանեցին քո օրէնքը:
127 Յիրաւի, սիրեցի քո պատուիրանները
ոսկուց ու տպազիոնից աւելի:
128 Քո բոլոր պատուիրաններն ինձ յաջողութիւն բերին,
քանզի ատեցի ճանապարհը չարիքի:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ ՀՆԱԶԱՆԴՈՒԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ
Փէ
129 Սքանչելի են քո վկայութիւնները, դրա համար հոգիս սիրեց դրանք:
130 Քո խօսքերի յայտնութիւնը լուսաւորում
եւ իմաստնացնում է պարզամիտներին:
131 Բերանս բացեցի ու շունչ առայ,
հոգիս փափագեց պատուիրանները քո:
132 Նայիր ի՛նձ եւ ողորմի՛ր ինձ
քո անունը սիրողների իրաւունքի համեմատ:
133 Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խօսքի համաձայն,
որ զանազան մեղքեր չտիրեն ինձ:
134 Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտութիւնից,
եւ ես քո պատուիրանները կը պահեմ:
135 Երեսդ ցո՛յց տուր քո ծառային, եւ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ:
136 Ջրերի վտակներ իջան իմ աչքերից,
քանզի մարդիկ չհետեւեցին քո օրէնքներին:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ
Ծադէ
137 Արդար ես դու, Տէ՛ր,
եւ շիտակ են քո դատաստանները:
138 Դու պատուիրեցիր քո վկայութիւնները,
որոնք արդարեւ շատ ճշմարիտ են:
139 Նախանձախնդրութիւնը քո հանդէպ մաշեց ինձ,
քանզի թշնամիներն իմ մոռացան խօսքերը քո:
140 Խիստ ընտիր են խօսքերը քո,
եւ քո ծառան սիրեց դրանք:
141 Մանուկ եմ ես եւ արհամարհուած,
բայց քո արդարութիւնը չմոռացայ:
142 Քո արդարութիւնը յաւերժական արդարութիւն է,
եւ քո օրէնքը՝ ճշմարիտ:
143 Նեղութիւնն ու վիշտն ինձ պատեցին,
բայց քո պատուիրաններն իմ խօսքերն եղան:
144 Քո վկայութիւններն արդար են յաւիտեան,
իմաստո՛ւն դարձրու եւ պահպանի՛ր ինձ:
ԱՂՕԹՔ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Կոփ
145 Ամբողջ սրտովս քեզ ձայն տուի,
լսի՛ր ինձ, Տէ՛ր,
քանզի քո արդարութիւնը փնտռեցի:
146 Աղաղակեցի քո առջեւ՝ փրկի՛ր ինձ,
եւ ես քո վկայութիւնները կը պահեմ:
147 Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցի եւ իմ յոյսը դրի քո խօսքերի վրայ:
148 Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ,
որ քո խօսքերն արտասանեմ:
149 Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան.
Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ:
150 Հալածիչներս անօրէնութիւնը մօտեցրին ինձ,
քանզի նրանք հեռու եղան քո օրէնքից:
151 Մօտ ես դու, Տէ՛ր, եւ քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են:
152 Սկզբից եւեթ ճանաչեցի քո վկայութիւնները,
որոնք դու յաւիտեա՛ն հաստատեցիր:
ՕԳՆՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐ
Րէշ
153 Տե՛ս իմ թշուառութիւնը եւ փրկի՛ր ինձ,
քանզի քո օրէնքը ես չմոռացայ:
154 Տե՛ս իմ դատաստանը եւ ազատի՛ր ինձ,
ու քո խօսքի համաձայն պահպանի՛ր ինձ:
155 Փրկութիւնը հեռու է մեղաւորներից,
քանզի նրանք քո օրէնքները չպահեցին:
156 Քո գթութիւնները շատ են, Տէ՛ր,
եւ քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ:
157 Բազմաթիւ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները,
բայց քո վկայութիւններից ես չխոտորուեցի:
158 Մաշւում էի նայելով անողորմներին,
քանզի քո պատուիրանները չպահեցին նրանք:
159 Տե՛ս, թէ որքա՜ն սիրեցի քո պատուիրանները.
Տէ՛ր, քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ:
160 Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւնն է,
յաւերժ են քո բոլոր արդար դատաստանները:
ԸՆԾԱՅՈՒՄ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Շին
161 Իշխաններն իզուր հալածեցին ինձ.
սիրտս միայն քո խօսքերից սարսափեց:
162 Ես ցնծացի քո խօսքերով
ինչպէս մէկը, որ մեծ աւար է գտնում:
163 Ատեցի ու արհամարհեցի մեղքը,
եւ քո օրէնքը սիրեցի:
164 Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ
քո արդար դատաստանի համար:
165 Քո օրէնքը սիրողները մեծ խաղաղութեան մէջ են,
եւ նրանց համար չկայ գայթակղութիւն:
166 Սպասեցի քո փրկութեանը, Տէ՛ր,
եւ քո պատուիրանները սիրեցի:
167 Հոգիս պահեց քո վկայութիւնները,
եւ ես շատ սիրեցի դրանք:
168 Հետեւեցի քո պատուիրաններին եւ վկայութիւններին,
քանզի իմ բոլոր ուղիներն առջեւդ են:
ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Թաւ
169 Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր,
քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ:
170 Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր,
եւ քո խօսքով փրկի՛ր ինձ:
171 Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կը բխեցնեն,
երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը:
172 Իմ լեզուն քո խօսքերը կ՚արտասանի,
քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են:
173 Քո ձեռքն իմ պահապանը թող լինի,
քանզի քո պատուիրաններն ընտրեցի:
174 Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր,
եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան:
175 Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ,
եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի:
176 Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս,
փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել: