ԱՂՕԹՔ ԻՍՐԱՅԷԼԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԷՄ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ,

- թող Իսրայէլն ասի այդ, -

2 մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ,

բայց չյաղթեցին ինձ:

3 Մեղաւորներն հարուածեցին իմ թիկունքին,

երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց:

4 Տէրն արդար է,

մեղաւորների պարանոցը նա կը խորտակի:

5 Ամօթահար կը լինեն ու ետ կը դառնան

բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը:

6 Նրանք կը լինեն տանիքի խոտի պէս,

որ չորանում է դեռ չհնձած:

7 Դրանով հնձուորն իր բուռը չի լցնի,

ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը:

8 Նրանց կողքից անցնողները չեն ասի՝

«Տիրոջ օրհնութիւնը ձեզ վրայ լինի,

եւ օրհնեալ լինէք Տիրոջ անունով»: