ՍԻՈՆԸ ՏԻՐՈՋ ԿԱՑԱՐԱՆ ԵՒ ԴԱՒԹԻ ՔԱՂԱՔ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Տէ՛ր, յիշի՛ր Դաւթին եւ նրա ամբողջ հեզութիւնը,

2 թէ ինչպէս նա երդուեց Տիրոջը, եւ ուխտ արեց Յակոբի Աստծուն՝ ասելով.

3 «Չեմ մտնի իմ տան յարկից ներս,

չեմ մտնի իմ անկողինը,

4 իմ աչքերին քուն չեմ տայ,

կամ նինջ՝ իմ թարթիչներին,

եւ կամ հանգիստ՝ իմ մարմնին,

5 մինչեւ Յակոբի Տէր Աստծու համար խորանի տեղ չգտնեմ»:

6 Ահա, խորանի մասին լսեցինք Եփրաթայում, եւ այն գտանք մայրիների դաշտերում:

7 Մտնենք կացարանը նրա,

երկրպագենք այն տեղին, ուր կանգնած են ոտքերը նրա:

8 Ելի՛ր քո հանգստավայրը, Տէ՛ր,

դու եւ տապանակը քո սուրբ Կտակի:

9 Քո երէցները թող արդարութիւն հագնեն,

եւ քո սրբերը խնդութեամբ ցնծան:

10 Յանուն քո սիրելի Դաւթի,

մի՛ շրջիր երեսդ քո օծեալից:

11 Տէրը ճշմարտութեամբ երդուեց Դաւթին ու չստեց նրան.

«Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին:

12 Եթէ որդիներդ պահեն իմ օրէնքն ու իմ վկայութիւնները,

որոնք նրանց պիտի սովորեցնեմ,

ապա որդիները նրանց յաւիտեանս յաւիտենից կը նստեն քո գահին»:

13 Տէրը սիրեց Սիոնը եւ նախընտրեց բնակուել այնտեղ:

14 Ասաց. «Այս է հանգստավայրն իմ յաւիտեանս յաւիտենից,

այստեղ պիտի բնակուեմ, քանզի հաւանեցի սա:

15 Սրա բերքը պիտի շարունակ օրհնեմ, եւ սրա աղքատներին կշտացնեմ հացով:

16 Սրա երէցներին փրկութիւն պիտի հագցնեմ,

եւ սրա սրբերը խնդութեամբ պիտի ցնծան:

17 Այնտեղ պիտի Դաւթին եղջիւրներ ծլեցնեմ,

իմ օծեալի համար ճրագ պատրաստեմ:

18 Նրա թշնամիներին ամօթ պիտի հագցնեմ,

իսկ նրա վրայ պիտի ծաղկի սրբութիւնն իմ»: