ԳՈՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ
Սաղմոս Դաւթի
1 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով,
հրեշտակների առջեւ սաղմոս պիտի երգեմ քեզ,
քանզի լսեցիր խօսքը բերանիս:
2 Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդ եւ անուանդ գոհութիւն պիտի մատուցեմ
քո ողորմութեան ու ճշմարտութեան համար,
քանզի ամէն ինչում մեծ ցոյց տուիր սուրբ անունդ:
3 Որ օրը որ քեզ ձայն տամ,
իսկոյն լսի՛ր ինձ,
եւ բազմապատկի՛ր զօրութիւններն հոգուս մէջ:
4 Գոհութիւն պիտի մատուցեն քեզ աշխարհի բոլոր թագաւորները,
քանզի լսեցին բերանիդ խօսքերը:
5 Նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները,
քանզի մեծ է փառքը Տիրոջ:
6 Բարձր է Տէրը, նա տեսնում է խոնարհներին,
իսկ բարձրամիտներին հեռուից ճանաչում:
7 Երբ անցնեմ նեղութիւնների միջով,
դու կը փրկես ինձ թշնամու զայրոյթից:
Ձեռքդ կը մեկնես,
եւ քո աջը կը փրկի ինձ:
8 Տէրը կը հատուցի իմ փոխարէն.
Տէ՛ր, քո ողորմութիւնը յաւերժ է,
ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր: