Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԷՐԸ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1 Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում,
կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ.
2 նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում,
ճշմարտութիւն խօսում իր սրտում:
3 Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել,
4 Մերձաւորներից նախատինք նա չի ստանում,
եւ չարագործն անարգուած է նրա աչքում:
Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից,
երդւում է իր բարեկամին չի դրժում:
5 Իր արծաթը վաշխով չի տալիս,
իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում:
Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի: