ՀԱԼԱԾԵԱԼԻ ԱՂՕԹՔԸ
1 Դաւթի իմաստութիւնը. աղօթք, երբ նա քարայրում էր
2 Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի,
իմ ձայնով Տիրոջն աղաչեցի:
3 Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղօթքն իմ եւ նրա առջեւ նեղութիւնս պիտի պատմեմ:
4 Երբ շունչս պակասեց իմ ներսում,
դու, Տէ՛ր, իմացար շաւիղներն իմ.
այն ճանապարհին, որով գնում էի,
ծածուկ որոգայթ լարուեց իմ դէմ:
5 Նայում էի աջ ու տեսնում,
որ ոչ ոք ինձ չի ճանաչում.
փախչելն ինձ համար անհնար դարձաւ,
եւ չկար մէկը, որ փնտռէր ինձ:
6 Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, ու ասացի.
«Դու ես իմ յոյսը եւ իմ բաժինը ողջերի երկրում:
7 Ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, իմ աղօթքին,
քանզի ես թաղուած եմ թշուառութեան մէջ.
ազատի՛ր ինձ իմ հալածիչներից,
քանզի նրանք ինձանից հզօր եղան:
8 Տէ՛ր, բանտից հանի՛ր ինձ,
որ գոհութիւն մատուցեմ քո անուանը:
Արդարները պիտի սպասեն,
մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ: