ԽՈՆԱՐՀ ԱՂԱՉԱՆՔ

Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ նրան հալածեց իր որդի Աբիսողոմը

1 Տէ՛ր, լսի՛ր աղօթքն իմ,

քո ճշմարտութեամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին,

քո արդարութեամբ լսի՛ր ինձ:

2 Ծառայիդ հետ դատաստան մի՛ տես,

քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանայ քո առջեւ:

3 Թշնամին հալածեց ինձ,

կեանքս հողին հաւասարեցրեց եւ ինձ նստեցրեց խաւարի մէջ յաւիտեան մեռածի պէս:

4 Հոգիս տաղտկացաւ իմ ներսում,

եւ սիրտս խռովուեց իմ մէջ:

5 Յիշեցի օրերն առաջուայ,

մտաբերեցի բոլոր գործերը քո,

ձեռքերիդ ստեղծածների մասին խորհեցի:

6 Դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ.

հոգիս հողի պէս ծարաւի է քեզ:

7 Լսի՛ր ինձ փութով, Տէ՛ր,

քանզի շունչս պակասեց իմ ներսում,

մի՛ շրջիր երեսդ ինձնից,

որ չնմանուեմ գերեզման իջնողներին:

8 Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու,

քանզի, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի.

ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ,

քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս:

9 Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տէ՛ր,

քանզի քեզ իմ ապաւէնը դարձրի:

10 Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո,

քանզի դու ես Աստուածն իմ,

քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր:

11 Յանուն քո անուան, կեա՛նք տուր ինձ, Տէ՛ր,

քո արդարութեամբ նեղութիւնից հանի՛ր հոգին իմ:

12 Քո ողորմութեամբ կործանի՛ր իմ թշնամիներին,

կորստեա՛ն մատնիր բոլոր ինձ նեղողներին,

քանզի ես ծառան եմ քո: