ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ

Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի

1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները.

հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն:

2 Տէրը կառուցում է Երուսաղէմը, եւ հաւաքում Իսրայէլի ցրուածներին:

3 Բժշկում է բեկեալ սրտերը, եւ կապում բոլոր վէրքերը նրանց:

4 Նա հաշւում է աստղերի բազմութիւնը, եւ կոչում բոլորն իրենց անուններով:

5 Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը,

նրա իմաստութիւնը սահման չունի:

6 Տէրն ընդունում է հեզերին, եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին:

7 Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ,

սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ:

8 Երկինքը նա պատեց ամպերով,

երկրի համար պատրաստեց անձրեւն իր,

լեռներում խոտ աճեցրեց եւ բանջար՝ մարդկանց կարիքների համար:

9 Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին,

որոնք դիմում են իրեն:

10 Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է,

ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում,

11 այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում

եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ: