ԱՂՕԹՔ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ
1 Սաղմոս Դաւթի, արձանագիր*
2 Պահպանի՛ր ինձ, Աստուա՛ծ,
քանզի քեզ վրայ դրի յոյսն իմ:
Տիրոջն ասացի. <<Իմ Տէրն ես դու,
ինձ արուած բարիքները քեզնից են:
3 Քո սրբերին, որոնք քո երկրում են,
սքանչելագործութեամբ ցոյց տուիր իմ բոլոր ցանկութիւնները:
4 Շատացան նրանց հիւանդութիւնները, որ այսուհետեւ յաճախակի են դառնալու:
Չեմ մասնակցի նրանց արիւնալի հաւաքներին
եւ նրանց անունը չեմ յիշատակի իմ շրթունքներով:
5 Տէ՜ր, իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժին,
ժառանգութիւնս դու ես կրկին ինձ վերադարձնելու:
6 Ինձ վիճակ ընկաւ ընտրեալների մէջ լինելու,
եւ իմ բաժին ժառանգութիւնն հաճելի եղաւ ինձ:
7 Պիտի օրհներգեմ Տիրոջը, որ իմաստուն դարձրեց ինձ,
եւ գիշերն անգամ երիկամներս ինձ խրատում էին:
8 Սկզբից եւեթ Տիրոջը մշտապէս տեսնում էի իմ առջեւ.
նա իմ աջ կողմում է, որպէսզի չսասանուեմ:
9 Դրա համար ուրախ եղաւ սիրտն իմ, եւ ցնծաց լեզուն իմ,
իսկ մարմինն իմ կը հանգստանայ յոյսով.
10 քանզի դժոխքում չես թողնի դու ինձ,
եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տայ:
11 Ինձ ցոյց տուիր կեանքի քո ճանապարհները,
քո աջի քաղցրութիւնից ու վայելչութիւնից լիովին յագեցրիր ինձ երեսիդ ուրախութեամբ:
[*] Այստեղ խօսքը սաղմոսի եղանակի եւ տեսակի մասին է: