-

Հաշուից դուրս այս սաղմոսը Դաւթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելաւ Գողիադի դէմ, Սաւուղի առջեւ.

1 Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ. եւ կրտսերն՝ իմ հօր տանը.

հօրս ոչխարներն էի արածեցնում:

2 Ձեռքերն իմ նուագարան ստեղծեցին,

եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին:

3 Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը.

ամէն բանի Տէրն ինքը կը լսի այս ամէնը:

4 Նա ուղարկեց իր հրեշտակին,

ինձ վերցրեց հօրս ոչխարների հօտից, եւ օծեց ինձ իր իւղի օծումով:

5 Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ,

բայց Տէրը չհաւանեց նրանց:

6 Ես ելայ այլազգու դէմ, եւ նզովեցի կուռքերը նրա:

7 Առայ նրա սուրն իրենից,

կտրեցի գլուխը նրա, եւ վերացրի նախատինքը Իսրայէլի որդիներից: