ԱՆՄԵՂԻ ԱՂՕԹՔԸ
1 Աղօթք Դաւթի
Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր,
նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս,
որ նենգ շրթներով չէ:
2 Դատաստանս քեզնից թող չլինի,
եւ աչքերն իմ ճշմարտութիւնը թող տեսնեն:
3 Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով,
փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնուեց:
4 Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը.
քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կը մնամ դժուարին ճանապարհներին:
5 Հաստատո՛ւն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին,
որ ընթացքս չխոտորուի:
6 Ես քե՛զ կանչեցի, Տէ՛ր,
քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ.
դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը:
7 Սքանչելի դարձրիր քո ողորմութիւնները,
դու, որ աջիդ գտնուող հակառակորդներից փրկում ես նրանց,
որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ:
8 Պահպանի՛ր ինձ աչքի բբի պէս,
քո թեւերի հովանու տակ ծածկի՛ր ինձ
9 ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ:
Թշնամիներն ինձ պաշարեցին՝
10 խիստ պարարտացան
եւ նրանց բերանն ամբարտաւանութիւն բարբառեց:
11 Վռնդեցին ինձ, եւ արդ դարձեալ շուրջս պատելով,
մտադրուեցին ինձ գետին տապալել:
12 Ինձ թուացին իբրեւ առիւծ, որ պատրաստ է որսի վրայ նետուելու,
իբրեւ կորիւն առիւծի՝ նստած դարանում:
13 Ելի՛ր, Տէ՛ր, հասի՛ր եւ արգելի՛ր նրանց,
փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից:
14 Տէ՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից,
ցրի՛ր նրանց եւ խորտակի՛ր կեանքը նրանց:
Քո պահեստներից լցուեց որովայնը նրանց,
յագեցան նրանք կերակուրներով եւ մնացածը թողեցին իրենց երեխաներին:
15 Իսկ ես արդարութեամբ կ՚երեւամ քո առաջ,
կը յագենամ՝ տեսնելով փառքը քո: