ԱՂՕԹՔ ՎՏԱՆԳԻ ՊԱՀԻՆ
1 Այսուհետեւ՝ Սաղմոս Դաւթի
2 Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս:
3 Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ,
թող ամօթով չմնամ,
եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ:
4 Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ,
ամօթով պիտի չմնան,
այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ:
Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ քո ճանապարհները
եւ քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ:
5 Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ
եւ ուսուցանի՛ր ինձ,
քանզի դու ես փրկիչ Աստուածն իմ,
ու ես հանապազ քեզ եմ սպասում:
6 Յիշի՛ր, Տէ՛ր, քո գթութիւններն ու ողորմութիւնները,
որոնք յաւիտենական են:
7 Իմ մանկութեան եւ տհասութեան մեղքերը մի՛ յիշիր,
այլ յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ՝ ըստ քո բարութեան,
8 քանզի դու քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր:
Դրա համար էլ մեղաւորներին
դնում ես օրէնքի գիտութեան ճանապարհի վրայ:
9 Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ,
հեզերին սովորեցնում քո ճանապարհները:
10 Տիրոջ բոլոր ուղիները
ողորմութիւն ու ճշմարտութիւն են նրանց համար,
ովքեր պահում են նրա ուխտն ու վկայութիւնը:
11 Յանուն քո անուան, Տէ՛ր, քաւութի՛ւն տուր իմ մեղքերին,
քանզի շատացան դրանք:
12 Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջ ից,
Տէրը նրան սովորեցնելու է Իր ընտրած ուղին:
13 Նա բարութեան մէջ պիտի հանգչի,
եւ նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի:
14 Տէրը զօրացուցիչն է իր երկիւղածների
եւ իր ուխտը նրանց է սովորեցնում:
15 Աչքերն իմ մշտապէս Տիրոջն են ուղղուած,
եւ նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից:
16 Նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ,
քանզի միամօրիկ եմ ես եւ աղքատ:
17 Սրտիս նեղութիւնները խիստ շատացան,
ազատի՛ր ինձ իմ վշտերից:
18 Տե՛ս իմ նուաստացումն ու տառապանքը
եւ թողութի՛ւն արա իմ բոլոր մեղքերին:
19 Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան
եւ անիրաւ ատելութեամբ ինձ ատեցին:
20 Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ,
եւ թող ամօթով չմնամ, որ յոյսս դրի քեզ վրայ:
21 Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան,
եւ ես սպասեցի քեզ:
22 Փրկի՛ր, Աստուա՛ծ, Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից: