ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
Սաղմոս Դաւթի. տաճարի նաւակատիքի օրհնութիւնը
1 Պանծացնում եմ քեզ, Տէ՛ր, քանզի ընդունեցիր ինձ
եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս:
2 Տէր Աստուա՛ծ իմ,
3 կանչեցի քեզ,
եւ բուժեցիր ինձ:
4 Տէ՛ր, հոգիս դժոխքից հանեցիր
եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ:
5 Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր,
գոհութի՛ւն մատուցեցէք նրա սուրբ յիշատակին:
6 Նրա բարկութեան մէջ ցասում կայ,
իսկ նրա կամեցողութեան մէջ՝ կեանք:
Երեկոյեան լացը կը դադարի,
իսկ առաւօտեան ուրախութիւն կը լինի:
7 Իմ բարկութեան մէջ ես ասացի,
թէ յաւէտ չեմ սասանուի:
8 Տէ՛ր, քո կամքով ուժ տուիր իմ վայելչութեանը,
բայց երբ երեսդ դարձրիր ինձնից,
ես խռովայոյզ եղայ:
9 Քե՛զ կանչեցի, Տէ՛ր,
աղաչեցի իմ Աստծուն:
10 Ի՞նչ օգուտ ունես իմ արիւնից,
եթէ ապականութեան գբի մէջ թաղուեմ:
Միթէ հողը գոհութի՞ւն կը մատուցի քեզ
կամ կը պատմի՞ քո ճշմարտութիւնը:
11 Լսեց ինձ Տէրն ու ողորմեց,
Տէրը եղաւ իմ օգնականը:
12 Սուգս դարձրեց ուրախութիւն,
հանեց քուրձն իմ եւ խնդութիւն հագցրեց ինձ,
13 փառքս սաղմոս պիտի երգի քեզ,
որպէսզի այլեւս չզղջամ ես:
Տէ՛ր իմ Աստուած, յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ քեզ: