ԱՂՕԹՔ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՄԷՋ

1 Այսուհետեւ՝ Դաւթի հերոսութեան գովքի սաղմոսը

2 Յոյսս դրի քեզ վրայ,

Տէ՛ր, թող յաւէտ ամօթով չմնամ.

քո արդարութեամբ փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ:

3 Դէպի ի՛նձ խոնարհիր ականջը քո,

փութա՛ ինձ պաշտպանելու:

Եղի՛ր իմ պահապանը, Աստուա՛ծ,

եւ իմ փրկութեան ապաստարանը,

քանզի իմ ուժն ու ապաւէնն ես դու:

4 Քո անուան համար ինձ առաջնորդ եղար եւ սնուցեցիր ինձ:

5 Ինձ կը հանես այն որոգայթից, որ լարեցին իմ դէմ:

6 Դու ես պաշտպանն իմ, Տէ՛ր,

եւ քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին:

Տէ՛ր Աստուած, փրկեցիր ինձ քո ճշմարտութեամբ:

7 Ատեցիր նրանց, ովքեր երկիւղ են կրում սնոտիաբար:

8 Ես յոյսս դրի Տիրոջ վրայ,

պիտի ցնծամ եւ ուրախանամ քո տուած փրկութեամբ:

Տեսար իմ նուաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից:

9 Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը եւ ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր:

10 Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի ճնշուած եմ ես.

սրտնեղութիւնից խռոված են իմ աչքը, հոգին ու որովայնը:

11 Կեանքս սպառուեց վիշտ ու ցաւերով,

եւ տարիներս՝ հոգոց հանելով:

Թշուառութիւնից տկարացաւ ուժն իմ,

եւ ոսկորներս մաշուեցին:

12 Իմ բոլոր թշնամիներից աւելի ես դրացիների՛ս համար նախատինք եղայ

եւ ծանօթներիս համար՝ սոսկալի ահ ու սարսափ:

Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ինձ,

հեռու էին փախչում ինձնից:

13 Սրտերից մոռացուեցի ես ինչպէս մեռեալ

եւ նմանուեցի անպէտք անօթի,

14 քանզի բամբասանք լսեցի շատերից,

որոնք իմ շուրջն էին:

Հաւաքուած իրար գլխի՝ նրանք ուզում էին առնել իմ հոգին:

15 Բայց ես, Տէ՛ր, յոյսս դրի քե՛զ վրայ՝ ասելով.

«Դո՛ւ ես Աստուածն իմ,

16 եւ քո ձեռքում է իմ ժառանգութիւնը:

Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից եւ իմ հալածիչներից:

17 Ցո՛յց տուր երեսդ քո այս ծառային,

պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ»:

18 Տէ՛ր, ամօթով թող չմնամ, որ քեզ դիմեցի.

թող ամբարիշտնե՛րն ամաչեն ու դժոխք իջնեն:

19 Եւ թող պապանձուեն նենգ շրթունքները,

որոնք ամբարտաւանութեամբ եւ արհամարհանքով չարախօսում են արդարի մասին:

20 Որքա՜ն շատ է քո ողորմութեան քաղցրութիւնը, Տէ՛ր,

որ պահեցիր երկիւղածներիդ համար: Դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ

մարդկանց որդիների առջեւ:

21 Մարդկանց խռովութիւնից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկոյթով,

լեզուների հակառակութիւնից թաքցրիր նրանց քո վրանում:

22 Օրհնեալ է Տէրը,

քանզի ողորմութիւնն իր հրաշագործեց ամուր քաղաքում:

23 Շփոթութեան մէջ ես ասացի,

թէ այլեւս հեռու մնացի աչքերիդ առջեւից:

Սակայն դու լսեցիր ձայնն իմ աղօթքի,

երբ աղաղակեցի քեզ:

24 Սիրեցէ՛ք Տիրոջը, բոլոր սրբե՛րդ նրա,

քանզի Տէրը ճշմարտութիւն է փնտռում

եւ խստութեամբ հատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտաւանանում:

25 Քաջալերուեցէ՛ք ամէքդ, որ յոյս էք դրել Տիրոջ վրայ,

եւ ձեր սրտերը թող զօրանան: