ՄԱՐԴՈՒ ՈՉՆՉՈՒԹԻՒՆԸ ԱՍՏԾՈՒ ԱՌԱՋ

1 Այսուհետեւ՝ օրհնութիւն Իդիթոմին

2 Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին,

որ լեզուովս չմեղանչեմ»:

Բերանիս պահպանակ դրի,

երբ մեղաւորը հակառակուեց ինձ:

3 Խուլ եղայ եւ խոնարհ դարձայ,

բարիքս լռութեան մատնեցի,

եւ ցաւերս նորոգուեցին իմ մէջ:

4 Սիրտս կրակ կտրեց իմ ներսում,

եւ մտքիս մէջ հուր բորբոքուեց:

5 Խօսեցի լեզուովս եւ ասացի.

«Տէր, ցո՛յց տուր ինձ, թէ ե՞րբ է իմ վախճանը,

եւ որքան է կեանքիս օրերի թիւը,

որպէսզի իմանամ, թէ ինչքան կորուստ եմ ունեցել»:

6 Ահա սահման դրիր իմ օրերին,

եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում,

բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի:

7 Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրուական.

բայց իզուր է նա տագնապում,

գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար:

8 Իսկ արդ, ո՞վ է իմ համբերութիւնը, եթէ ոչ դու, Տէ՛ր,

կամ իմ ուժն ու կարողութիւնը քեզնից չէ՞ միթէ:

9 Բոլոր յանցանքներիցս փրկեցիր

եւ անզգամների համար նախատինք դարձրիր ինձ:

10 Ես խուլ եղայ եւ չբացեցի բերանն իմ,

քանզի դու էիր գործում:

11 Հեռացրո՛ւ ինձնից իմ տանջանքները,

որովհետեւ քո ձեռքի զօրութիւնից հիւծուեցի ես:

12 Մեղքերի համար կշտամբելով՝ խրատեցիր դու մարդուն,

սարդոստայնի պէս մաշեցիր նրան,

բայց սուտ է ամէն մարդ:

Հանգիստ:

13 Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը,

ակա՛նջ դիր խնդրանքներիս

եւ արտասուքս լռութեան մի՛ մատնիր:

Պանդուխտ եմ ես քո առաջ,

օտարական եւ անցորդ,

ինչպէս իմ բոլոր նախնիները:

14 Թո՛յլ տուր ինձ, որ հանգստանամ,

մինչեւ իմ գնալն այնտեղ, ուր այլեւս չեմ լինի: