ԱՂԵՐՍ ՕԳՆՈՒԹԵԱՆ
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Համբերութեամբ սպասեցի Տիրոջը,
եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը:
3 Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից.
ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը:
4 Բերանս դրեց մի նոր օրհներգ՝
օրհներգը մեր Տէր Աստծու:
Շատերը պիտի տեսնեն ու վախենան
եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ:
5 Երանի այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է,
եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել:
6 Բազում են քո սքանչելիքները, Տէ՛ր իմ Աստուած,
քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ:
Պատմեցի ու խօսեցի դրանց մասին,
բայց դրանք անթիւ են:
7 Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ,
ինձ լսողութիւն տուիր եւ ողջակէզ ու մեղայագին չպահանջեցիր:
8 Այն ժամանակ ասացի, թէ՝ «Ահա գալիս եմ ես,
գրքի գլուխներում գրուած է իմ մասին:
9 Ուզեցի կամքդ կատարել, Աստուա՛ծ իմ,
եւ օրէնքդ, որ իմ ներսում է»:
10 Մեծ հաւաքներում ես քո արդարութիւնն աւետեցի,
եւ արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից:
11 Տէ՛ր, դու գիտես, որ քո արդարութիւնը, քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը
ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ հաւաքներից չեմ թաքցրել քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը:
12 Իսկ դու, Տէ՛ր, գթութիւնդ հեռու մի՛ պահիր ինձնից,
քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը միշտ պահապան լինի ինձ:
13 Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիւ էին.
անօրէնութիւններս ինձ վրայ հասան,
եւ ես չկարողացայ նկատել.
գլխիս մազերից աւելի շատ եղան դրանք, եւ սիրտս ինձ լքեց:
14 Կամեցի՛ր փրկել ինձ, Տէ՛ր, նայի՛ր, որ օգնես ինձ, Տէ՛ր:
15 Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն նրանք,
որ ուզում էին կործանել ինձ.
թող ետ դառնան ու ամօթով մնան ինձ չար կամեցողները:
16 Թող շուտափոյթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դէմ:
17 Թող քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք,
որ փնտռում են քեզ, Տէ՛ր:
Քո տուած փրկութիւնը սիրողներն
ամէն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստուած»:
18 Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստուա՛ծ, հո՛գ տար իմ մասին.
իմ օգնականն ու պաշտպանը դու ես.
Աստուած իմ, մի՛ ուշացիր: