ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1 Դպրապետին. Դաւթի օրհնութեան սաղմոսերգութիւնը
2 Երբ ձայն տուի, իմ արդարութեան համար լսեցիր ինձ, Աստուա՛ծ,
նեղութեան մէջ ինձ անդորր տուիր.
ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր իմ աղօթքին:
3 Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք*.
ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում:
4 Իմացէ՛ք, որ Տէրը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար,
եւ Տէրը կը լսի ինձ, երբ օգնութեան կանչեմ նրան:
5 Եթէ բարկանաք՝ մի՛ մեղանչէք,
ձեր անկողնու մէջ ինչ էլ որ ասէք ձեր սրտում՝ զղջացէ՛ք:
6 Արդարութեան զոհե՛ր մատուցեցէք եւ Տիրոջ վրայ յո՛յս դրէք:
7 Շատերն ասացին՝ <<Ո՞վ ցոյց կը տայ մեզ Տիրոջ բարութիւնը>>:
Քո երեսի լոյսը ծագեց մեր վրայ,
8 եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին,
ցորենի, գինու, ձէթի բարիքով յագեցրիր նրանց:
9 Այսուհետեւ մենք խաղաղութեամբ կը ննջենք ու կ՚արթնանանք,
10 քանզի դու միայն, Տէ՛ր, ապահովութեան մէջ բնակեցրիր մեզ:
[*] Եբրայերէն՝ Մինչեւ ե՞րբ իմ փառքը նախատինքի պիտի արժանացնէք: