ՍԻՈՆՆ ԱՍՏԾՈՒ ՔԱՂԱՔՆ Է
1 Կորխի որդիների երկուշաբթի օրուայ օրհնութեան սաղմոսը
2 Մեծ է Տէրը եւ յոյժ օրհնեալ
մեր Աստծու քաղաքում,
իր սուրբ լերան վրայ:
3 Մեծ ցնծութեամբ ցնծում է ամբողջ երկիրն հաստատարմատ,
ցնծում են Սիոնի լեռները, հիւսիսային կողմերը,
մեծ թագաւորի քաղաքը:
4 Աստուած յայտնւում է իր տաճարում,
երբ օգնական է դառնում նրանց:
5 Ահա երկրի թագաւորութիւնները հաւաքուեցին
ու միասին եկան անցան:
6 Անձամբ տեսնելով այդ բանը՝ նրանք զարմացան,
խռովուեցին ու սասանուեցին:
7 Այնտեղ դողը բռնեց նրանց
եւ երկունքը, ինչպէս ծննդաբերութեան ժամանակ:
8 Սաստիկ հողմով նա պիտի փշրի նաւերը Թարսիսում:
9 Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք
Զօրութիւնների Տիրոջ քաղաքում՝
մեր Աստծու քաղաքում.
Աստուած դրա հիմքերը գցեց յաւիտեան:
10 Ստացանք ողորմութիւնդ, Աստուա՛ծ, քո ժողովրդի մէջ:
11 Ինչպէս որ անունդ է,
այնպէս էլ օրհնութիւնդ է ողջ տիեզերքում,
եւ քո աջը լի է արդարութեամբ:
12 Տէ՛ր, քո արդարադատութեամբ թող ուրախանայ լեռը Սիոնի
եւ ցնծան դուստրերը Յուդայի երկրի:
13 Պտտուեցէ՛ք Սիոնի շուրջը,
շրջանն արէք նրա եւ պատեցէ՛ք նրա աշտարակները:
14 Թող ձեր սրտերը կապուեն նրա ամրութիւններին,
զննեցէ՛ք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մէկ ուրիշ սերնդի:
15 Սա է Աստուածը, մեր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ սա պիտի հովուի մեզ մինչեւ յաւիտենութիւն: