ԱՍՏՈՒԱԾ ՅԱՅՏՆՒՈՒՄ Է ԻՐ ԴԱՏԱՍՏԱՆԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սաղմոս Ասափի
1 Աստուածների Աստուած Տէրը խօսեց,
ձայն տուեց երկրին արեւելքից մինչեւ արեւմուտք:
2 Սիոնից է նրա մեծ վայելչութիւնն ու փրկութեան գեղեցկութիւնը:
3 Մեր Աստուածը պիտի գայ յայտնապէս,
եւ մեր Աստուածը պիտի չլռի,
նրա առջեւ հուր պիտի բորբոքուի,
եւ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ:
4 Նա վերեւից ձայն պիտի տայ երկնքին ու երկրին՝
իր ժողովրդին դատելու համար:
5 Մօտն է հաւաքելու իր սրբերին եւ նրանց,
ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին:
6 Երկինքը պատմելու է նրա արդարութիւնը,
քանզի Աստուած դատաւոր է:
Հանգիստ:
7 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես քեզ կ՚ասեմ,
եւ Իսրայէ՛լ՝ քեզ կը վկայեմ,
որ Աստուածը, ք՛ո Աստուածը ես եմ:
8 Քո զոհաբերութիւնների համար չէ, որ կշտամբում եմ քեզ,
քանզի ողջակէզներդ միշտ առջեւս են:
9 Քո տնից հորթեր չեմ ընդունում,
ոչ էլ քո հօտից՝ նոխազներ:
10 Իմն են անտառի բոլոր գազանները,
լեռների երէները եւ բոլոր անասունները:
11 Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին,
եւ դաշտի գեղեցկութիւնն իմն է:
12 Եթէ քաղց զգամ, քեզ բան չեմ ասի,
քանզի իմն է աշխարհն իր ամբողջութեամբ:
13 Ես չեմ ուտում քո հորթերի միսը,
եւ քո նոխազների արիւնը չեմ խմում:
14 Աստծուն օրհնութեան պատարագ մատուցի՛ր
եւ Բարձրեալի առջեւ ուխտդ կատարի՛ր:
15 Քո նեղութեան օրը կանչի՛ր ինձ,
ես կը փրկեմ քեզ, ու դու կը փառաբանես ինձ:
Հանգիստ:
16 Սակայն մեղաւորին Աստուած ասում է.
«Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարութիւնը,
կամ բերանդ չես առնում իմ ուխտը:
17 Չէ որ դու ատեցիր իմ խրատը,
մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խօսքերը:
18 Երբ գողեր էիր տեսնում,
նրանց հետ էիր ընթանում
եւ ընկերակցում շնացողներին:
19 Բերանդ չարութիւն էր տարածում,
եւ լեզուդ նենգութիւն էր նիւթում:
20 Նստած չարախօսում էիր եղբօրդ մասին
եւ մօրդ որդու վրայ զրպարտութիւն բարդում:
21 Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի.
դու՝ անօրէնդ, կարծեցիր քո մտքում,
թէ ես էլ կը նմանուեմ քեզ:
Արդ, պիտի յանդիմանեմ քեզ
եւ այս ամէնը առջեւդ դնեմ»:
22 Իմացէ՛ք բոլորդ, որ մոռացել էք Աստծուն.
գուցէ երբեւէ յափշտակուէք տարուէք,
եւ ձեզ փրկող չգտնուի:
23 Օրհնութեան պատարագն ինձ կը փառաւորի.
եւ ճանապարհն այնտեղ է,
ուր ես նրան ցոյց պիտի տամ Աստծու փրկութիւնը: