ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի.
2 այն ժամանակ, երբ նրա մօտ եկաւ Նաթան մարգարէն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբէին
3 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ
եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները:
4 Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից
եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ:
5 Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ,
եւ մեղքերն իմ միշտ առջեւս են:
6 Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր,
եւ չարիք գործեցի քո առջեւ,
որպէսզի արդար լինես քո խօսքերում,
եւ յաղթող՝ քո դատաստանի մէջ:
7 Անօրէնութեամբ յղիացաւ
եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ:
8 Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր
եւ քո իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեցիր:
9 Ցօղի՛ր ինձ սպունգով՝ եւ ես կը մաքրուեմ,
լուա՛՝ ու ձիւնից ճերմակ կը լինեմ:
10 Ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն լսել տո՛ւր,
եւ թող տառապեալ ոսկորներս ցնծան:
11 Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից
եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից:
12 Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ,
եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում:
13 Մի՛ գցիր ինձ, Տէ՛ր, քո երեսից
եւ սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից:
14 Ինձ փրկութեան ցնծութի՛ւն տուր,
եւ քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ:
15 Անօրէններին կը սովորեցնեմ քո ճանապարհը,
եւ ամբարիշտները քո կողմը կը դառնան:
16 Փրկի՛ր ինձ արիւնից, Աստուա՛ծ,
իմ փրկութեա՛ն Աստուած.
լեզուս թող ցնծայ քո արդարութեամբ:
17 Տէ՛ր, եթէ շրթներս բացես,
բերանն իմ կ՚երգի օրհնութիւնը քո:
18 Եթէ ուզէիր՝ պատարագ կը մատուցէինք,
բայց դու ողջակէզներ չես սիրում:
19 Խոնարհ հոգին է պատարագն Աստծու,
մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում:
20 Քո բարեհաճութեամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տէ՛ր,
եւ Երուսաղէմի պարիսպները թող կառուցուեն:
21 Այնժամ դու կը հաւանես արդարութեան պատարագները,
եւ, իբրեւ ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կը մատուցեն: