ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆՆ ՈՒ ՇՆՈՐՀՔԸ
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի,
2 այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկաւ պատմեց Սաւուղին, թէ ահա Դաւիթն Աքիմելէքի տանն է:
3 Ինչո՞ւ է հզօրը պարծենում չարութեամբ ու անօրէնութեամբ:
4 Գիշեր-ցերեկ նա անիրաւութիւն նիւթեց իր լեզուով,
սուր ածելու նման նենգութիւն գործեց:
5 Բարութիւնից աւելի չարութիւն սիրեց
եւ արդար խօսքից աւելի՝ անօրէնութիւն:
6 Սիրեց նա ամէն տեսակ կործանարար խօսքեր
եւ նենգ լեզուներ:
7 Դրա համար Աստուած կը կործանի նրան իսպառ, կը խլի ու կը հանի նրան իր օթեւանից,
եւ նրա արմատները՝ ողջերի երկրից:
8 Արդարները կը տեսնեն ու կը վախենան
եւ կը ծաղրեն նրան՝ ասելով.
9 «Սա է այն մարդը, որն Աստծու օգնութեանը չապաւինեց,
այլ յոյսը դրեց իր մեծ հարստութեան վրայ
եւ զօրացաւ իր ունայնութեամբ»:
10 Իսկ ես Աստծու տան պտղաբեր ձիթենու նման եմ.
յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից յոյսս դրի Աստծու ողորմութեան վրայ:
11 Քեզ յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ արածիդ համար
եւ յոյսս պիտի դնեմ քո անուան վրայ,
քանզի բարի ես սրբերիդ հանդէպ: