ՄԱՐԴՈՒ ԱՆԶԳԱՄՈՒԹԻՒՆԸ
Այսուհետեւ՝ Մալալէթի մասին, իմաստութիւն Դաւթի
1 Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ «Աստուած չկայ»:
2 Ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ,
եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի:
3 Աստուած երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝
տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն,
որ Աստծուն է փնտռում:
4 Բոլորը միասին խոտորուեցին եւ անպէտք դարձան:
Բարութիւն անող չկայ, չկայ նոյնիսկ մէկ հոգի:
5 Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրէնութիւն են գործում,
նրանք, որ խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակրահաց
եւ չեն դիմում Աստծուն:
6 Այնտեղ, ուր երկիւղ չկայ, երկիւղից սարսում են նրանք,
քանզի Աստուած ցրելու է երեսպաշտների ոսկորները:
Նրանք պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն,
քանզի Աստուած անարգեց նրանց:
7 Ո՞վ կը տայ Սիոնից Իսրայէլի փրկութիւնը:
Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից,
Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի: