ՀԱԼԱԾԵԱԼԻ ԱՂԵՐՍԱՆՔԸ

1 Այսուհետեւ՝ Դաւթի իմաստութեան օրհնութիւնը,

2 այն ժամանակ, երբ Զիփացիները եկան եւ ասացին Սաւուղին. «Ահա Դաւիթը թաքուն նստած է մեզ մօտ»:

3 Աստուա՛ծ, քո անուամբ փրկի՛ր ինձ

եւ քո զօրութեամբ արդա՛ր հանիր ինձ:

4 Աստուա՛ծ, լսի՛ր իմ աղօթքները,

ակա՛նջ դիր բերանիս խօսքերին:

5 Օտարներն ելան իմ դէմ,

հզօրներն իմ կեանքն ուզեցին եւ քեզ իրենց աչքում Աստուած չհամարեցին:

6 Ահա Աստուած իմ օգնականն է,

եւ Տէրը՝ իմ հոգու ապաւէնը:

7 Չարիքը շրջելով թշնամիներիս դէմ՝

քո ճշմարտութեամբ կործանի՛ր նրանց:

8 Ես իմ բարի կամքով զոհ պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր,

եւ գոհանամ քո անուամբ, քանի որ այն բարի է:

9 Իմ ողջ նեղութիւնից փրկեցիր ինձ,

եւ աչքս տեսաւ կորուստը թշնամիներիս: