ԱՂՕԹՔԸ ՄԻ ՄԱՐԴՈՒ, ՈՐԻՆ ՀԱԼԱԾԵԼ ԵՆ
1 Այսուհետեւ՝ իմաստութեան օրհնութիւնը, սաղմոս Դաւթի
2 Ակա՛նջ դիր, Աստուա՛ծ, իմ աղօթքին,
եւ խնդրանքներս մի՛ անտեսիր:
3 Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ,
քանզի անձկութեամբ տրտմեցի ու խռովուեցի:
4 Թշնամու ձայնից եւ մեղսագործի հալածանքից
նրանք անիրաւութեամբ դէպի ինձ շրջուեցին,
բարկութեամբ ոխ պահեցին իմ դէմ:
5 Սիրտս խռովուեց իմ մէջ,
եւ մահուան երկիւղն ինձ համակեց:
6 Ահ ու դող ընկաւ վրաս,
եւ խաւարը ծածկեց ինձ:
7 Ասացի. «Մէկն ինձ աղաւնու թեւեր տար,
որ թռչելով բարձրանայի
8 եւ հեռանալով հանգիստ առնէի անապատում:
9 Յոյս ունէի, որ Աստուած ինձ կը փրկէր կարճամիտ զայրոյթից
եւ փոթորկուող նեղսրտութիւնից:
10 Կորստեան մատնի՛ր, Տէ՛ր,
եւ թող նրանք իրար լեզու չհասկանան,
քանզի անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքում:
11 Գիշեր-ցերեկ նրա պարիսպների շուրջը անօրէնութիւն է գործւում,
իսկ դրա ներսում՝ չարիք ու մեղք:
12 Եւ վաշխառութիւնն ու նենգութիւնը չվերացան նրա հրապարակներից:
13 Եթէ թշնամին լինէր ինձ նախատողը, կը համբերէի,
կամ իմ ատելին լինէր իմ դէմ մեծախօսողը, կը թաքնուէի նրանից:
14 Այլ դու, մա՛րդ, իմ հաւասարն ես,
իմ առաջնորդն ու ծանօթը:
15 Չէ՞ որ դու էիր քաղցրացնում իմ ու քո կերակուրը,
եւ միաբանութեամբ էինք գործում Աստծու տանը:
16 Մահը նրանց վրայ կը հասնի,
եւ նրանք ողջ-ողջ դժոխք կ՚իջնեն,
քանզի իրենց բնակարանում ու իրենց մէջ չարութիւն կայ:
17 Ես Աստծուն ձայն տուի,
եւ Տէրն ինձ լսեց:
18 Երեկոյեան, առաւօտեան ու կէսօրին պատմեցի ու խօսեցի,
եւ նա իմ ձայնը կը լսի:
19 նա ինձ խաղաղութեամբ կը փրկի ինձ մերձեցողներից,
քանզի ուժով յարձակուեցին ինձ վրայ:
20 Կը լսի եւ կ՚ընկճի նրանց Աստուած,
որ կար յաւիտենութիւնից առաջ,
քանզի չեն փոխւում նրանք, եւ չեն վախենում Աստծուց:
21 Նա մեկնեց իր ձեռքը՝ պատժելու նրանց.
նրանք պղծել էին Նրա օրէնքները:
22 Բաժանուեցին Նրա երեսի զայրոյթից,
բայց Նա հասաւ նրանց սրտերին:
Ձէթից փափուկ էին նրանց խօսքերը, բայց իրենք կարծես նետեր լինէին:
23 Հոգսդ դի՛ր Տիրոջ վրայ,
ու նա քեզ կը կերակրի
եւ չի թողնի, որ արդարը յաւիտեան սասանուի:
24 Դու, Աստուա՛ծ, նրանց կ՚իջեցնես ապականութեան փոսը.
արիւնահեղ ու նենգ մարդիկ իրենց կեանքի օրերի կէսին չեն հասնի.
իսկ ես, Տէ՛ր, յոյսս դրի քեզ վրայ: