ԱՂՕԹՔ ԱՍՏԾՈՒՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1 Այսուհետեւ՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից. արձանագիր սաղմոս Դաւթի, երբ այլազգիները նրան բռնել էին Գէթում.
2 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ,
քանզի մարդն ինձ կոխոտեց,
ամենօրեայ պատերազմներն ինձ նեղեցին:
3 Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին,
եւ շատերն իմ դէմ մարտնչեցին բարձունքից:
4 Օրը ցերեկով չեմ վախենայ,
քանզի յոյսս դրել եմ Տիրոջ վրայ:
5 Աստծու խօսքով պիտի կատարեմ իմ գովաբանութիւնը.
Աստծու վրայ դրի իմ յոյսը ու չեմ սոսկալու.
մարդն ինձ ի՞նչ կարող է անել:
6 Ամէն օր խօսքերս անարգեցին,
նրանց չար խորհուրդներն իմ դէմ եղան:
7 Նրանք պանդուխտ կը լինեն ու գաղտագողի կը շրջեն:
Նրանք հետապնդում են ինձ, ինչպէս իմ մահը ցանկացող մարդիկ:
8 Որպէս ոչնչութիւն դու կը մերժես նրանց,
քո բարկութեամբ հնազանդ կը դարձնես ժողովուրդներին:
9 Աստուա՛ծ, կեանքս քեզ կը պատմեմ,
արցունքներս առջեւդ կը դնեմ, ինչպէս դու ինձ խոստացար:
10 Թշնամիներս ետ կը դառնան այն օրը, երբ օգնութեան կանչեմ քեզ.
ահա իմացայ, որ դու իմ Աստուածն ես:
11 Աստծուն պիտի օրհնեմ իմ բերանով
եւ բառերովս Տիրոջը պիտի գովեմ իմ խօսքերով:
Աստծու վրայ դրի իմ յոյսը եւ վախ չունեմ.
մարդն ինձ ի՞նչ կարող է անել:
12 Ինձնից է ուխտն իմ, որ օրհնութեամբ քեզ պիտի մատուցեմ, Աստուա՛ծ:
13 Ինձ փրկեցիր մահուանից,
աչքս՝ արտասուքից, եւ ոտքս՝ գայթակղութիւնից.
ողջերի երկրում ես հաճելի կ՚երեւամ Տիրոջ առջեւ: