ԵՐԿՐԱՅԻՆ ԴԱՏԱՒՈՐՆԵՐԻ ԴԱՏԱՒՈՐԸ

1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի

2 Եթէ դուք արդարութեամբ խօսէիք,

ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ:

3 Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրէնութիւն էք գործում երկրի երեսին,

եւ ձեր ձեռքերն անիրաւութիւն են նիւթում:

4 Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին,

արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին:

5 Նրանց կատաղութիւնը նման է օձի թոյնի,

վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները,

6 որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի

եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից:

7 Աստուած պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում.

Տէրը կոտրատեց ժանիքներն առիւծների:

8 Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն: Երբ նրանք իրենց աղեղները լարեն,

9 թող հալուեն մոմի նման ու սպառուեն:

Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան:

10 Դեռ իրենց փշերը չզգացած՝

Աստուած նրանց դժնիկի պէս ողջ-ողջ պիտի այրի բարկութեամբ:

11 Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը,

եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ:

12 Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ,

եւ կայ Աստուած, որ երկրի վրայ դատում է նրանց: