ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ Սաւուղը զօրք ուղարկեց պաշարելու նրա տունը եւ սպանելու նրան. սաղմոս Դաւթի
2 Աստուա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ,
ազատի՛ր նրանցից, ովքեր ելել են իմ դէմ:
3 Ինձ փրկի՛ր անօրէնութիւն գործողներից,
արիւնահեղ մարդկանցից պահպանի՛ր ինձ:
4 Որսալ ուզեցին ինձ,
եւ հզօր մարդիկ ինձ վրայ յարձակուեցին:
5 Ո՛չ մեղք ունեմ եւ ո՛չ յանցանք,
առանց մեղքի ընթացայ ու արդար եղայ:
6 Ինձ ընդառաջ ե՛լ եւ տե՛ս
դո՛ւ, Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի:
Նայի՛ր ու այցելի՛ր բոլոր հեթանոսներին
եւ մի՛ ողորմիր բոլոր նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում:
7 Նրանք ետ կը դառնան երեկոյեան,
քաղց կը զգան շների պէս
եւ քաղաքի շուրջը կը պտտուեն:
8 Նրանք կը վայրահաչեն իրենց բերանով
ու կը սրեն շրթերն իրենց:
9 Իսկ արդ, ո՞վ կը լսի դա.
դու, Տէ՛ր, կը ծիծաղես նրանց վրայ
եւ կ՚արհամարհես բոլոր հեթանոսներին:
10 Զօրութիւնս քեզնո՛վ կը պահեմ,
քանզի Աստուած իմ օգնականն է:
11 Իմ Աստծու ողորմութիւնը կը հասնի ինձ,
եւ իմ Աստուածն ինձ համար ի ցոյց կը հանի թշնամիներիս:
12 Մի՛ սպանիր նրանց, որ չմոռանան քո ժողովրդին:
Ցրի՛ր եւ ընկճի՛ր նրանց քո զօրութեամբ,
քանզի դու իմ պաշտպանն ես, Տէ՛ր:
13 Իրենց բերանի մեղքերի եւ շրթունքների խօսքերի համար
թող նրանք ընկղմուեն իրենց ամբարտաւանութեան մէջ
եւ անէծքի ու ստութեան մատնուեն:
14 Բարկութեան ներգործութեամբ թող սպառուեն ու անհետանան:
Թող իմանան, որ Աստուած տիրում է Յակոբին
ու երկրի բոլոր ծագերին:
15 Նրանք ետ կը դառնան երեկոյեան,
քաղց կը զգան շների պէս
եւ քաղաքի շուրջը կը պտտուեն:
16 Նրանք կը թափառեն ուտելու համար
եւ, եթէ չկշտանան, կը տրտնջան:
17 Ես պիտի օրհնաբանեմ քեզ, Տէ՛ր,
պիտի ցնծամ առաւօտեան քո ողորմութեամբ,
18 քանզի դո՛ւ եղար իմ պաշտպանն ու ապաստանը
եւ նեղութեանս օրերի օգնականը:
19 Քեզ սաղմոս պիտի երգեմ, իմ ապաւէ՛ն Աստուած,
իմ ողորմութեա՛ն Աստուած: