ՓՐԿՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԻՑ ՅԵՏՈՅ
1 Այսուհետեւ անցած ժամանակների մասին ուսանելու համար.
2 արձանագիր սաղմոս Դաւթի, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Յովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ:
3 Աստուա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արիր,
բարկացար, բայց պիտի գթաս մեզ:
4 Ցնցեցիր երկիրն ու խռովութեան մատնեցիր այն,
բուժի՛ր նրա ստացած հարուածները,
քանզի նա սասանուեց:
5 Քո ժողովրդին խստութիւն ցոյց տուիր
եւ մեզ թմրութեան գինի խմեցրիր:
6 Երկիւղածներիդ նշան դու տուիր,
որ փրկութիւն գտնեն աղեղից:
7 Ինչպէս որ քո սիրելիները փրկուեցին,
այնպէս էլ քո աջով պահպանի՛ր եւ լսի՛ր մեզ:
8 Աստուած խօսեց իր սրբարանից.
«Ես պիտի ցնծամ ու բարձրանալով՝ բաժանեմ Սիւքէմը
եւ վրանների հովիտը չափեմ:
9 Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն,
Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է:
10 Յուդան թագաւորս է,
Մովաբը՝ յոյսիս աւազանը:
Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ,
քանզի այլազգիներն ինձ հնազանդուեցին»:
11 Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք,
կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
12 եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզ
եւ մեր զօրքերի հետ չելար, Աստուա՛ծ:
13 Նեղութեան մէջ օգնութիւն ցո՛յց տուր մեզ,
քանզի ունայն է փրկութիւնը մարդու:
14 Աստուծով քաջութիւն կը գործենք,
եւ նա կ՚արհամարհի մեզ նեղողներին: