ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1 Դպրապետին. ութերորդական եղանակով, Դաւթի օրհնութեան սաղմոս
2 Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ,
եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր:
3 Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես,
բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են:
4 Անձն իմ յոյժ խռոված է,
եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ...:
5 Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ,
ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ,
6 քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ,
կամ դժոխքում գոհանայ քեզանից:
7 Ես յոգնեցի իմ հառաչանքներից,
ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ
եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի:
8 Սրտնեղութիւնից այլայլուեց աչքն իմ,
ես հիւծուեցի բոլոր թշնամիներիս ձեռքից:
9 Հեռացէ՛ք ինձնից ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում:
10 Տէրը լսեց իմ լացի ձայնը,
Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին,
Տէրն ընդունեց իմ խնդրանքները:
11 Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովուեն,
թող ետ դառնան եւ իսկոյն խիստ ամաչեն ու զարհուրեն: