ԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹԻՒՆԸ ԿԵԱՆՔԻՑ ԷԼ ԹԱՆԿ Է

1 Սաղմոս Դաւթի, մինչ նա գտնւում էր Հրէաստանի անապատում

2 Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ,

ես առաւօտից քեզ եմ դիմում.

հոգիս ծարաւ է քեզ, առաւել եւս մարմինն իմ,

3 ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր,

ուր ճամփայ չկայ:

Այդպէս էլ պիտի երեւամ քո սրբարանում՝

տեսնելու փառքդ եւ զօրութիւնդ,

4 քանզի ինձ համար քո ողորմութիւնն աւելի լաւ է, քան կեանքս,

եւ շրթունքներն իմ պիտի գովեն քեզ:

5 Այսպէս իմ կեանքում քեզ պիտի օրհնեմ

եւ քո անունով ձեռքս բարձրացնեմ:

6 Ասես պարարտ ճարպով պիտի յագենայ իմ հոգին,

եւ բերանս ցնծալից շրթունքներով քե՛զ պիտի օրհնի:

7 Երբ քեզ յիշում էի իմ անկողնում,

առաւօտեան կանուխ խօսում էի քեզ հետ:

8 Քանի որ դո՛ւ եղար իմ օգնականը,

քո թեւերի հովանու տակ ես պիտի ցնծամ:

9 Քեզ հետեւեց իմ հոգին,

եւ աջդ ընդունեց ինձ:

10 Նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին,

թող երկրի անդունդների խորքը մտնեն:

11 Թող սրի մատնուեն նրանք եւ աղուէսների բաժին դառնան:

12 Թագաւորը յոյսը դրեց Տիրոջ վրայ.

թող պարծենան բոլոր նրանք, որ երդւում են նրանով.

թող խցուեն բերանները նրանց, ովքեր անիրաւութիւն են խօսում: