ԶՐՊԱՐՏՈՂՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2 Աստուա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղօթքս լսի՛ր,

թշնամու սարսափից փրկի՛ր ինձ:

3 Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից

եւ անօրէնութիւն գործողների բազմութիւնից:

4 Նրանք սուսերի պէս սրեցին իրենց լեզուները

եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար,

5 որպէսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին,

յանկարծակի նետահարեն նրանց առանց երկիւղի:

6 Նրանք զօրացան իրենց չարախօսութեամբ,

մտածեցին իմ դէմ որոգայթ լարել

եւ ասացին. «Տէրը դա չի տեսնի»:

7 Անօրէնութիւն փնտռեցին,

յոգնեցին փնտռելուց ու քննելուց:

8 Թող մարդ մերձենայ իր սրտի խորութեամբ,

եւ Աստուած թող բարձր լինի:

9 Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց,

նրանց լեզուները տկարացան,

եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովուեն:

10 Բոլոր մարդիկ վախեցան ու պատմեցին Աստծու գործերը

եւ հասու եղան նրա արածներին:

11 Արդարը պիտի ուրախանայ Տիրոջով՝

յոյսը դնելով նրա վրայ.

սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով: