ԱՍՏՈՒԱԾ ԱՐԺԱՆԻ Է ՕՐՀՆԱԲԱՆՈՒԹԵԱՆ

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. Երեմիայի, Եզեկիէլի եւ ժողովրդի օրհնութիւնը, երբ ուզում էին վերադառնալ պանդխտութիւնից

2 Աստուա՛ծ, քեզ վայել է օրհնութիւն Սիոնում,

եւ քեզ աղօթք պիտի մատուցուի Երուսաղէմում:

3 Լսի՛ր աղօթքս,

քանզի քեզ մօտ է գալու ամէն մարմին:

4 Անօրէնների խօսքերը ծանրացան մեզ վրայ,

դո՛ւ պիտի քաւութիւն տաս մեր ամբարշտութիւններին:

5 Երանի նրանց, որոնց ընտրեցիր ու ընդունեցիր,

որ բնակուեն քո գաւիթներում:

Մենք պիտի յագենանք քո տան բարիքներից,

սուրբ է քո տաճարը:

6 Սքանչելի արդարութեամբ լսի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր՝

յոյսը երկրի բոլոր ծագերի եւ հեռաւոր ծովաբնակների:

7 Նա, որ իր կարողութեամբ լեռներ է հաստատում եւ զօրութիւն է հագել:

8 Նա, որ ալեկոծում է ծովի ընդարձակութիւնը եւ ցածրացնում նրա ալիքների ձայնը:

9 Հեթանոսները պիտի խռովուեն,

եւ երկրի բնակիչները պիտի սարսափեն քո նշաններից,

այգաբացին ու երեկոյեան պիտի զուարճանան:

10 Նայեցիր երկրին, ջրով յագեցրիր այն

եւ բազմացրիր նրա հարստութիւնը:

Աստծու գետը լցուեց ջրով.

դու պատրաստեցիր նրա կերակուրը,

քանզի այսպէս է պատրաստութիւնը.

11 դու ոռոգեցիր նրա ակօսն ու բազմացրիր նրա արմտիքը,

քո ցօղը զուարթ պիտի դարձնի նրա բոյսը:

12 Տարուայ պսակը պիտի օրհնուի քո քաղցրութեամբ,

դաշտերդ պարարտութեամբ պիտի լցուեն:

13 Անապատի գեղեցկութիւնները պիտի փթթեն,

բլուրները ցնծութեամբ պիտի զգեստաւորուեն:

14 Մաքիների խոյերը պիտի զուգուեն,

հովիտներն առատ ցորեն պիտի բերեն,

պիտի ցնծան ու օրհներգեն: