ՍԷՐ ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՀԱՆԴԷՊ

1 Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին սաղմոս Դաւթի

2 Փրկի՛ր ինձ, Աստուա՛ծ,

քանզի ջրերը հասան իմ անձին,

ես ընկղմուեցի խոր անդնդի մէջ,

որտեղ ինձ համար հանգիստ չկայ:

3 Մտայ ես խորքերը ծովի,

եւ յորձանքներն ինձ ընկղմեցին:

4 Ես յոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց,

եւ աչքերս նուաղեցին քեզ վրայ յոյս դնելուց, Տէ՛ր իմ Աստուած:

5 Գլխիս մազերից շատ եղան նրանք,

ովքեր յանիրաւի ատում էին ինձ,

թշնամիներս եւ ինձ իզուր ատողները զօրացան ինձնից աւելի,

իմ չյափշտակած բաների համար ես վճարեցի նրանց:

6 Աստուա՛ծ, դու իմացար անմտութիւնն իմ,

եւ յանցանքներս չծածկուեցին քեզնից:

7 Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները,

Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր.

թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտռողները, Աստուա՛ծ Իսրայէլի:

8 Քեզ համար նախատինք հանդուրժեցի,

եւ ամօթը ծածկեց երեսն իմ:

9 Եղբայրներիս համար ես օտար եղայ,

եւ մօրս որդիների համար՝ հիւր:

10 Քո տան նախանձախնդրութիւնն ինձ կերաւ,

եւ նախատողներիդ նախատինքն ընկաւ ինձ վրայ:

11 Ծոմապահութեամբ խոնարհեցրի ինձ,

եւ դա ինձ համար նախատինք եղաւ:

12 Քուրձն ինձ հագուստ դարձրի,

եւ նրանց համար ծաղրուծանակի առարկայ եղայ:

13 Ինձ չարախօսում էին դռանը նստողները,

գինի խմողները ծաղրում էին ինձ:

14 Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր:

Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո առատ ողորմութեամբ,

քո փրկութեան ճշմարտութեամբ:

15 Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրուեմ

եւ փրկուեմ իմ ատելիներից ու խոր ջրերից:

16 Ջրերի յորձանքները թող չկլանեն ինձ,

եւ անդունդներն ինձ թող չընկղմեն,

ոչ էլ ջրհորն ինձ վրայ բերանն իր փակի:

17 Լսի՛ր ինձ, Տէ՛ր,

քանզի քաղցր է ողորմութիւնը քո,

նայի՛ր ինձ քո գթառատութեամբ:

18 Եւ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից,

փութով լսի՛ր ինձ,

քանզի նեղութեան մէջ եմ ես:

19 Հայեացքդ դարձրո՛ւ ինձ վրայ ու փրկի՛ր ինձ,

եւ իմ թշնամիներից ինձ պահպանի՛ր:

20 Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամօթը եւ խայտառակութիւնն իմ:

21 Քո առջեւ են բոլոր ինձ նեղողները:

Սիրտս համբերեց նախատինքների եւ թշուառութեան:

Սպասում էի, թէ ո՞վ ինձ արդեօք պիտի վշտակցէր,

բայց ոչ ոք չկար,

եւ ինձ համար մխիթարիչ չգտնուեց:

22 Կերակրի տեղ ինձ լեղի տուին,

եւ ծարաւելիս քացախ խմեցրին:

23 Թող նրանց սեղաններն իրենց առջեւ դառնան որոգայթ,

պատիժ ու գայթակղութիւն:

24 Թող նրանց աչքերը խաւարեն, որպէսզի չտեսնեն,

եւ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր:

25 Նրանց վրայ թափի՛ր քո զայրոյթը,

եւ քո բարկութեան սաստկութիւնը թող հարուածի նրանց:

26 Նրանց բնակավայրերը թող աւերակ դառնան,

եւ նրանց յարկերի տակ ոչ ոք չապրի.

27 քանզի ում որ դու հարուածեցիր՝ նրանք հալածեցին,

եւ իմ վէրքերին ցաւեր աւելացրին:

28 Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր,

որպէսզի մուտք չունենան քո արդարութեան մէջ:

29 Թող նրանք ջնջուեն կեանքի քո մատեանից,

եւ քո արդարների շարքում չարձանագրուեն:

30 Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո պարգեւած փրկութիւնն, Աստուա՛ծ, ինձ բռնած պահի:

31 Օրհնութեամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու,

եւ գովաբանութեամբ պիտի մեծարեմ նրան:

32 Դա հաճելի կը լինի Աստծուն՝ մատաղացու հորթից աւելի,

որ եղջիւրներ ու կճղակներ ունի:

33 Աղքատները կը տեսնեն ու կ՚ուրախանան.

փնտռեցէ՛ք Աստծուն, եւ ձեր հոգիները կը փրկուեն,

34 քանզի Տէրը լսեց տնանկներին,

եւ իր գերեալներին չարհամարհեց:

35 Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրը եւ ծովն իր մէջ վխտացող բոլոր կենդանի էակներով:

36 Աստուած կը փրկի Սիոնը,

եւ Հրէաստանի քաղաքները կը ծաղկեն:

Մարդիկ կը կառուցեն, կը բնակեցնեն ու կը ժառանգեն այն:

37 Քո ծառաների սերունդները կը հաստատուեն այնտեղ,

եւ քո անունը սիրողները կը բնակուեն նրա մէջ: