ԱՂՕԹՔ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1 Սաղմոս Դաւթի, որ Տիրոջն ասաց Յեմինի որդի Քուսի խօսքերի առթիւ
2 Տէ՛ր իմ Աստուած, քեզ վրայ դրեցի յոյսն իմ,
փրկի՛ր ինձ եւ իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ:
3 Չլինի թէ առիւծի նման յօշոտեն ինձ,
եւ չգտնուի մէկը, որ փրկի ինձ եւ պահպանի:
4 Տէ՛ր իմ Աստուած, եթէ արել եմ այս բանը,
եթէ իմ ձեռքով անօրէնութիւն եմ գործել,
5 եթէ երբեւէ իմ չարակամներին չարութեամբ եմ հատուցել,
թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով:
6 Թող ուրեմն թշնամին հալածի ինձ,
թող վրայ հասնի եւ խորտակի կեանքն իմ՝ կոխոտելով ինձ,
իսկ փառքս հողին թող հաւասարեցնի:
7 Ելի՛ր, Տէ՛ր, բարկութեամբ քո
եւ բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին:
Արթնացի՛ր, Տէ՛ր իմ Աստուած,
յանուն քո սահմանուած կարգի:
8 Ժողովուրդների բազմութիւնները շուրջդ կը հաւաքուեն,
իսկ դու, Տէ՛ր, բազմի՛ր բարձունքում
9 (Տէրն է դատում իր ժողովրդին):
Դատի՛ր ինձ, Տէ՛ր,
իմ մէջ եղած արդարութեան եւ անմեղութեան համեմատ:
10 Մեղաւորների վրայ չարիք կը գայ,
իսկ արդարին յաջողութիւն կը տաս,
սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստուած:
11 Յիրաւի, օգնողն Աստուած է,
որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով:
12 Արդար, հզօր եւ համբերատար դատաւոր է Աստուած,
որն իր զայրոյթը չի թափում հանապազ:
13 Սակայն եթէ չդառնաք դէպի Նա,
սուրն իր սրած է եւ աղեղն իր՝ լարած:
14 Նա պատրաստել է մահուան գործիքները,
իսկ նետերն իր հրանիւթով է սարքել:
15 Ահաւասիկ, ով որ անօրէնութիւն երկնեց,
չարիք յղացաւ եւ անիրաւութիւն ծնեց,
16 նա փոս փորեց, խորացրեց,
հէնց ինքն էլ ընկաւ այն փոսը,
որ նա պատրաստեց:
17 Նրա գլխին կը թափուեն իր չարագործութիւնները,
նրա գագաթին կ՚իջնեն իր անօրէնութիւնները:
18 Գոհութիւն կը մատուցեմ Տիրոջն իր արդարութեան համար,
սաղմոս կ՚երգեմ Բարձրեալ Տիրոջ համար: