ԹՈՂ ԱՍՏՈՒԱԾ ՕՐՀՆԻ ԹԱԳԱՒՈՐԻՆ
1 Սաղմոս Սողոմոնի համար.
2 Աստուա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր,
եւ արդարութիւնդ՝ թագաւորի որդո՛ւն,
որ քո ժողովրդին արդարութեամբ դատի
ու քո աղքատների իրաւունքը պահի:
3 Լեռները խաղաղութիւն կը բերեն ժողովրդին,
եւ բլուրներն՝ արդարութիւն:
4 Թող արքան իրաւունք տայ ժողովրդի աղքատներին,
պահպանի տնանկների որդիներին,
եւ ընկճի ամբարտաւաններին:
5 Նա թող ապրի ու մնայ որքան որ արեւը լինի,
լուսնից առաջ, սերնդից սերունդ:
6 Նա թող իջնի որպէս անձրեւ հնձած խոտի վրայ եւ որպէս ցօղ՝ երկրի վրայ:
7 Նրա օրօք արդարութիւն եւ մեծ խաղաղութիւն թող տիրի,
մինչեւ լուսնի վախճանը:
8 Նա թող իշխի ծովից մինչեւ ծով,
եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի:
9 Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ,
եւ նրա թշնամիները հող ուտեն:
10 Թարսիսի եւ կղզիների թագաւորները նուէրներ թող մատուցեն նրան,
Արաբիայի եւ Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան:
11 Աշխարհի բոլոր թագաւորները թող խոնարհուեն նրա առաջ, եւ բոլոր ազգերը թող ծառայեն նրան,
12 քանզի հզօրի ձեռքից նա փրկեց աղքատին՝
աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն:
13 Նա կը խղճայ աղքատին ու տնանկին,
եւ տնանկների հոգին կը փրկի:
14 Չար վաշխառուներից կ՚ազատի նրանց:
Նրա անունը փառաւոր է նրանց առաջ:
15 Նա կ՚ապրի, եւ արաբների ոսկին նրան պիտի տրուի: Ամէն ժամ աղօթքի կը կանգնեն նրա առջեւ
եւ գիշեր-ցերեկ կ՚օրհնեն նրան:
16 Ամբողջ երկրում եւ լեռների գագաթներին հաստատութիւն կը տիրի:
Նրա բերքի առատութիւնը Լիբանանից աւելի բարձր կը լինի,
Տիրոջ քաղաքում նա կը ծաղկի երկրի խոտի նման:
17 Տիրոջ անունը կ՚օրհնուի յաւիտեան,
քանզի արեւից հին է անունը նրա:
Աշխարհի բոլոր ազգերը կ՚օրհնեն նրան,
եւ բոլոր ժողովուրդները երանի կը տան նրան:
18 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը,
որ միայն ինքն է սքանչելիքներ գործում:
19 Եւ օրհնեալ է յաւիտեան սուրբ անունը նրա փառքի,
թող նրա փառքով ողջ երկիրը լցուի.
թող լինի, թող լինի: