ՉԱՐԻ ԹՈՒԱՑԵԱԼ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ
Սաղմոս Ասափի
1 Որքա՜ն բարի է Աստուած Իսրայէլի համար եւ սրտով շիտակների համար:
2 Բայց ոտքերս քիչ մնաց, որ սասանուէին,
մի փոքր եւս՝ եւ քայլերս պիտի մոլորուէին:
3 Նախանձեցի ես անօրէններին՝
մեղաւորների խաղաղութիւնը տեսնելով:
4 Նրանք մահուան տագնապ չունեն:
Սովորական են տանջանքները նրանց:
5 Մարդկանց տքնութիւնը չեն կրում նրանք,
եւ մարդկանց պէս չեն տանջւում:
6 Դրա համար ամբարտաւանութիւնը պատեց նրանց,
եւ նրանք համակուեցին իրենց ամբարշտութեամբ ու անիրաւութեամբ:
7 Նրանց անիրաւութիւնները կարծես ճարպից են դուրս գալիս,
քանզի նրանք իրենց սրտի խորհրդով են շարժւում:
8 Չարամտօրէն մտածեցին ու խօսեցին եւ մեծամտութեամբ ապիրատութիւն խորհեցին:
9 Բերաններն իրենց ուղղեցին երկնքին,
եւ լեզուները երկրով մէկ քարշ տուին:
10 Դրա համար ժողովուրդն իմ պիտի վերադառնայ այստեղ,
եւ իմ օրերը լեցուն պիտի անցնեն նրանց հետ:
11 Ասացին՝ «Ինչպէ՞ս իմացաւ Աստուած»,
կամ՝ «Կա՞յ արդեօք իմացութիւն Բարձրեալի մօտ»:
12 Ահա մեղաւոր են, եւ սակայն բարգաւաճում են նրանք,
կան եւ ունեն հարստութիւնն աշխարհի:
13 Ասացի՝ «Իզուր ուրեմն արդար դարձրի սիրտն իմ,
եւ ձեռքերս սրբութեամբ լուացի»:
14 Գիշեր-ցերեկ ես խոշտանգուած էի,
եւ առաւօտները կշտամբանք կրեցի:
15 Թէպէտ ես ասում էի, թէ՝ եթէ այսպէս պատմեմ, դիմացս պիտի գտնեմ քո որդիների սերնդին, որոնց ուխտ արեցի:
16 Բայց հասկացայ, որ սա եւս դժուար է ինձ համար,
17 մինչեւ մտնեմ Աստծու սրբարանը եւ իմանամ նրանց վախճանը:
18 Բայց դու նրանց տարագիր կ՚անես իրենց նենգութեան համար եւ կը կործանես նրանց իրենց ամբարտաւանութեան մէջ:
19 Իսկ ինչպէ՞ս նրանք յանկարծակի աւերակ դարձան,
կործանուեցին, սպառուեցին ու անհետացան իրենց անօրէնութեան համար
20 եւ եղան ինչպէս քնից արթնացող մարդու երազ:
Տէ՛ր, դու, արթնանալով, պիտի անարգես նրանց երազի պատկերը.
21 քանզի հուր բորբոքուեց իմ սրտում,
եւ երիկամներս գունափոխուեցին:
22 Ես արհամարհուած եղայ ու չիմացայ այդ,
քո առջեւ անասուն համարուեցի:
23 Բայց ես միշտ քեզ հետ եմ.
դու բռնեցիր իմ աջ ձեռքից,
24 քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր
եւ փառքով ընդունեցիր ինձ:
25 Արդարեւ, ինձ համար ի՞նչ կայ երկնքում,
կամ քեզնից բացի ի՞նչ փնտռեմ երկրի վրայ:
26 Սիրտս ու մարմինս մաշուեցին,
իմ սրտի՛ Աստուած, յաւիտեան ինձ բաժի՛ն ընկած Աստուած:
27 Ահաւասիկ իրենց անձը քեզնից հեռացնողները պիտի կորչեն,
դու պիտի կործանես բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին քո դէմ:
28 Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն,
յոյսս դնել Տիրոջ վրայ եւ աւետել քո ամբողջ օրհնութիւնը Սիոնի դստեր դռների առաջ: