ԱՂՕԹՔ ՏԱՃԱՐԻ ԱՒԵՐԱԿՆԵՐԻ ԱՌՋԵՒ

Իմաստութիւն Ասափի

1 Աստուա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ,

եւ զայրոյթդ սաստկացաւ քո արօտի ոչխարների վրայ:

2 Յիշի՛ր քո ժողովրդին, որ սկզբից ստացար,

եւ փրկեցիր քեզ վիճակուած ժառանգութիւնը՝

լեռն այս Սիոնի, որտեղ դու բնակուեցիր:

3 Նրանց ամբարտաւանութեան վրայ բարձրացրո՛ւ քո ձեռքն ընդմիշտ,

քանզի թշնամին անիրաւութիւն գործեց քո սրբարանում:

4 Քեզ ատողները պարծեցան իրենց բարօրութեամբ,

նշաններն իրենց իբրեւ զինանշան դրին մուտքին,

5 բայց իրենք չհասկացան, որ վերից է ելքը:

6 Ինչպէս անտառի փայտահատներ,

կացիններով ջարդեցին դռները նրա,

տապարներով ու մուրճերով կործանեցին այն:

7 Հրի մատնեցին քո սրբարանը,

եւ հողին հաւասարեցրին քո անուան խորանը:

8 Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին.

«Եկէք վերացնենք Աստծու բոլոր տօներն երկրի երեսից»:

9 Նշաններ մենք չտեսանք,

այլեւս մարգարէ չմնաց, եւ ոչ ոք մեզ չի ճանաչում:

10 Մինչեւ ե՞րբ, Աստուա՛ծ, թշնամին պիտի նախատի

եւ հակառակորդն անարգի սուրբ անունդ:

11 Ինչո՞ւ ես ետ քաշում քո ձեռքը,

եւ քո աջը ծոցիդ մէջ է ընդմիշտ:

12 Աստուա՛ծ, դու մեր թագաւորն ես յաւիտենութիւնից ի վեր,

դու, որ փրկութիւն գործեցիր երկրի վրայ:

13 Դու քո զօրութեամբ ծովը հաստատեցիր,

եւ վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում:

14 Դու վիշապի գլուխը փշրեցիր

եւ որպէս կերակուր տուիր հնդիկների զօրքերին:

15 Դու աղբիւրներ ու վտակներ բխեցրիր,

եւ անցամաքելի գետեր ցամաքեցրիր:

16 Քոնն է ցերեկը, եւ քոնն է գիշերը,

լոյսն ու արեւը դո՛ւ հաստատեցիր:

17 Դո՛ւ հաստատեցիր երկրի բոլոր սահմանները,

գարունն ու ամառը դո՛ւ ստեղծեցիր:

18 Յիշի՛ր այս. թշնամին նախատեց Տիրոջը,

անզգամ ժողովուրդն անարգեց քո սուրբ անունը:

19 Քեզ խոստովանողին մի՛ մատնիր գազաններին,

եւ քո տնանկներին մի՛ մոռացիր երբեք:

20 Նայի՛ր քո ուխտին,

քանզի ապշահարների տները երկրի վրայ լցուեցին անիրաւութեամբ:

21 Թող խեղճն ամօթով ետ չդառնայ,

եւ աղքատն ու տնանկը թող օրհնեն սուրբ անունդ:

22 Ելի՛ր, Աստուա՛ծ, եւ կատարի՛ր դատաստանդ,

յիշի՛ր անզգամի ամենօրեայ նախատինքը:

23 Մի՛ մոռացիր պաշտօնեաներիդ ձայնը.

քեզ ատողների ամբարտաւանութիւնն անընդհատ պիտի աճի: