ԱՍՏՈՒԱԾ՝ ԴԱՏԱՒՈՐ
1 Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգութեան սաղմոսը
2 Գոհութիւն մատուցենք քեզ, Աստուա՛ծ,
գոհութիւն մատուցենք եւ տանք քո անունը:
3 Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործութիւնները.
երբ ժամը հասնի՝ ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ:
4 Մաշուեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները,
ես հաստատեցի նրա սիւները:
5 Անօրէններին ասացի, թէ՝ անօրէնութիւն մի՛ գործէք,
մեղաւորներին, թէ՝ մի՛ ցցէք ձեր կոտոշները:
6 Ձեր կոտոշները վեր մի՛ տնկէք,
եւ Աստծու մասին անիրաւաբար մի՛ խօսէք:
7 Մեծութիւնը գալիս է ո՛չ արեւելքից,
ո՛չ արեւմուտքից, ո՛չ էլ լեռների անապատից,
8 այլ Աստուած է դատաւոր,
որ ցածրացնում է մէկին եւ միւսին՝ բարձրացնում:
9 Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով,
որ մատուցում է սրան ու նրան:
Սակայն նրա մրուրը չի պակասի,
եւ երկրի բոլոր մեղաւորները կը խմեն այն:
10 Ես պիտի ցնծամ յաւիտեան,
սաղմոս պիտի երգեմ Յակոբի Աստծուն:
11 Մեղաւորների բոլոր եղջիւրները դու պիտի փշրես,
եւ արդարի եղջիւրը պիտի բարձրանայ: