ԱՂՕԹՔ ԻՍՐԱՅԷԼԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

1 Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայութիւնը. սաղմոս եթովպացիների մասին

2 Դու, որ հովւում ես Իսրայէլին՝ ո՛ւշ դարձրու,

դու, որ առաջնորդում ես Յովսէփի ցեղին ինչպէս հօտ,

դո՛ւ, որ քերովբէների վրայ ես նստում՝

յայտնուի՛ր

3 Եփրեմի, Բենիամինի ու Մանասէի առջեւ,

արթնացրո՛ւ քո զօրութիւնը

եւ արի՛ մեզ փրկելու:

4 Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու,

ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք:

5 Զօրութիւնների Տէ՛ր Աստուած,

մինչեւ ե՞րբ պիտի բարկանաս քո ծառաների աղօթքի վրայ:

6 Մեզ արտասուախառն հացով սնեցիր,

եւ անչափ արտասուք խմեցրիր մեզ:

7 Մեզ դարձրիր նախատինքը մեր հարեւանների եւ ծաղրուծանակը մեր թշնամիների:

8 Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու,

ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք:

9 Դու Եգիպտոսից Իսրայէլ-որթատունկը հանեցիր,

վռնդեցիր հեթանոսներին

եւ այդ որթատունկը տնկեցիր:

10 Առաջնորդեցիր նրան,

հաստատուն դարձրիր նրա արմատները,

եւ այն լցրեց երկիրը:

11 Նրա ստուերը ծածկեց լեռները,

եւ նրա ճիւղը՝ Աստծու մայրիները:

12 Որթատունկ իր ճիւղերը ձգեց մինչեւ ծով,

իսկ բողբոջները՝ մինչեւ Եփրատ գետը:

13 Ինչո՞ւ քանդեցիր ցանկապատը նրա,

ճանապարհի անցորդները պոկոտում էին այն:

14 Ապականեց նրան խոզն անտառի,

եւ վայրի երէն արածեց նրա մէջ:

15 Զօրութիւնների՛ Աստուած, դարձի՛ր,

նայի՛ր երկնքից ու տե՛ս,

այցելի՛ր այս որթատունկին,

16 եւ խնա՛մք տար նրան, որին տնկեց Աջը քո,

նաեւ մարդու որդուն, որին դու զօրացրիր քեզնով:

17 Այլապէս, հրով վառուած ու աւերուած,

պիտի կորչեն քո խստութիւնից:

18 Քո ձեռքը թող լինի մարդու վրայ,

քո աջը՝ այն մարդու որդու վրայ, որին դու զօրացրիր քեզնով:

19 Մենք այլեւս չենք հեռանայ քեզանից,

դու պիտի փրկես մեզ,

եւ մենք քո անունը պիտի ոգեկոչենք, Տէ՛ր:

20 Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, մեզ ե՛տ դարձրու,

ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք: