ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ ԵՒ ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԻՔԸ
1 Այսուհետեւ՝ հնձանների մասին, սաղմոս Դաւթի
2 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր,
ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում:
Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր:
3 Մանկահասակ եւ ծծկեր երեխաների բերանից
թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնամիների, Տէ՛ր,
որպէսզի ոսոխն ու հակառակորդը կործանուեն:
4 Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը,
լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր:
5 Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան:
6 Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան
եւ փառք ու պատուով պսակեցիր նրան:
7 Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ:
8 Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝
ոչխար, արջառ եւ ամէն ինչ,
9 նաեւ վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ,
որ շրջում են ծովերի հոսանքներում:
10 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր,
ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում: