ԱՂՕԹՔ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

1 Այսուհետեւ՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրուայ սաղմոսը

2 Ցնծացէ՛ք Աստծու առջեւ, որ օգնականն է մեր,

աղաղակեցէ՛ք Յակոբի Աստծուն:

3 Սաղմո՛ս ասացէք եւ օրհնութի՛ւն տուէք,

նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեցէք:

4 Փո՛ղ հնչեցրէք ամսագլխին՝

մեր նշանաւոր օրուայ տարեդարձին:

5 Դա հրաման է Իսրայէլի համար,

եւ օրէնք՝ Յակոբի Աստծու համար:

6 Յովսէփի ուխտն է դա, որը կնքեց Նրա հետ,

երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից:

Նա լսեց մի լեզու, որ չգիտէր.

7 «Նրանց թիկունքներն ազատի՛ր բեռներից եւ նրանց ձեռքերը՝ այգու ու բահի ծառայութիւնից:

8 Նեղութեան մէջ ինձ ձայն տուիր՝ եւ փրկեցի քեզ.

քեզ լսեցի մրրիկի ծածկոյթի տակ

ու փորձեցի քեզ Հակառակութեան ջրերի վրայ:

9 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես վկայ կը լինեմ քեզ,

եւ Իսրայէ՛լ, եթէ ինձ լսում ես:

10 Ժամանակաւորապէս պաշտուող աստուածներ չես ունենայ

ու չես երկրպագի օտար աստծու:

11 Ես եմ քո Տէր Աստուածը,

որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից.

բա՛ց բերանդ, եւ ես պիտի լցնեմ այն:

12 Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս,

եւ Իսրայէլն ինձ չնայեց:

13 Բարձիթողի մատնեցի նրան,

որ գնան իրենց սրտի թելադրանքով,

քանզի շարժուեցին իրենց կամքով:

14 Եթէ իմ ժողովուրդը լսէր ինձ,

կամ Իսրայէլն ընթանար իմ ճանապարհով,

15 ապա որպէս ոչնչութիւն կ՚ընկճէի նրա թշնամիներին եւ ձեռքս կ՚իջեցնէի նրան նեղողների վրայ:

16 Տիրոջ թշնամիները ստեցին նրան,

ուստի նրանց ժամանակն աշխարհում կը սպառուի:

17 Նրանց կերակրեց ցորենի առատութեամբ,

ժայռից հոսող մեղրով յագեցրեց նրանց»: